ԱՄՆ-ը Լաչինի միջանցքի հարցի կարգավորման հարցում սահմանափակումներ ունի․ վերլուծաբան
Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին է անդրադարձել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը։ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նա նշել է, որ դա խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման համար։ Ըստ նրա, Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում միջանցքի վերաբացման ուղղությամբ, և Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցներում։
«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, Դոնֆրիդը հիշատակել է «Մոսկվայի և Թեհրանի ակտիվությունը»։
«Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված, այսպես կոչված, ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։
Դոնֆրիդի խոսքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը:
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշել է նա:
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախի պնդմամբ՝ Վաշինգտոնն իսկապես դիվանագիտական ակտիվ ջանքեր է ներդնում տարածաշրջանում և փորձում է վերականգնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, որը չի վերականգնվում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Բայց այդ հարցը լուծելու հարցում, նրա խոսքով, ԱՄՆ-ը Ադրբեջանի նկատմամբ մեծ ճնշումներ չի ցանկանում կիրառել։
Բացի այդ, վերլուծաբանի կարծիքով, ԱՄՆ-ը, ի վերջո, դիտարկում է, որ դա ՌԴ գործունեության գոտին է, և ցանկանում է սպասել ռուսական արդյունքներին։
«Դիտարկվում է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ռուսական ներկայիս ազդեցության ու արդյունավետության լակմուսի թուղթն է։ Արևմուտքը դանդաղ, բայց վստահ է գործում։ Այդ տեսանկյունից կարևոր քայլ է ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայումը, որն անպայմանորեն անդրադառնալու է ռեգիոնի աշխարհաքաղաքականության ու ՌԴ դիրքերի վրա։ Հարավային Կովկասն ու հարևանությունը բարդ ռեգիոն է, որով պայմանավորված է աշխարհաքաղաքական կենտրոնների կաշկանդվածությունը, ինչպես ԱՄՆ-ի դեպքում, քանի որ տարբեր իրավիճակներում և տարբեր երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ը հույսեր կապում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։ Սա, իհարկե, բարդացնում է խնդիրների լուծումը և դրանց արտաքին միջամտությունը»,- 168․am-ի հետ զրույցում մեկնաբանեց վերլուծաբանը՝ ակնարկելով, որ չնայած դիվանագիտական ակտիվությանը, ԱՄՆ-ը նաև սահմանափակող գործոնների է առնչվում։
Նույն գործոնը, նրա խոսքով, կա նաև ռուսական քաղաքականության դեպքում։
«Հենց սա է Հարավային Կովկասի առանձնահատկությունը, որը գլխավորապես պայմանավորված է աշխարհագրությամբ ու պատմությամբ»,- նկատեց նա։