ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է մարզառազմական մասնագիտացված դպրոց և տեղում ծանոթացել առկա խնդիրներին
ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջեց Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում:
Նախարարը նշեց, որ դպրոցում առկա խնդիրների լուծման աշխատանքերի մեկնարկը տրված է:
«Ռազմական կրթության գործում շատ անելիքներ կան: Ես այստեղ խնդիրը կբաժանեի երկու մասի: Առաջին մասը նախնական զինվորական պատրաստության առարկայի և ընդհանուր գիտելիքների բարելավումն է բոլոր դպրոցներում, բոլոր երեխաների համար: Կա գիտելիքների, հմտությունների մի պաշար, որն անհրաժեշտ է բոլորիս: Այստեղ ներդրել ենք ռազմամարզական ճամբարը 10-12-րդ դասարանցիների համար, որը նոր չափորոշիչների ներդրմամբ դառնում է պարտադիր: Երկրորդը՝ բուն մասնագիտական կրթությունն է»,- ասաց նախարարը:
Անդրեասյանը նշեց, որ այս պահին կան մասնագիտացված երեք նման հաստատություն: Նրա խոսքով՝ սպայական ավագ դպրոցի կառուցման մասին քննարկումներ կան: Այն կլինի նոր բովանդակություն և որակ կրող մի կառույց, որը կտա զինվորական կրթության այն պատկերացումը, որին ձգտում ենք:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցին՝ նախարարը նշեց, որ անելիքները շատ են: Պետք է կառուցվի նոր սպորտդահլիճ, հրաձգարան, պետք է կատարվեն վերանորոգման աշխատանքներ, գույքի թարմացում: Աշխատանքները պլանավորված են և իրականցվում են զուգահեռ:
«Կարծում եմ բոլորս այսօր պետք է նախ և առաջ շնորհակալություն հայտնենք բոլոր այն զինծառայողներին և հերոսներին, որոնք տարբեր իրավիճակներում իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար: Պետք է շնորհակալություն հայտնենք նաև մեր այն զինծառայողներին, որոնք այսօր կանգնած են սահմաններին և պաշտպանում են մեր երկրի անվտանգությունը և, իհարկե, պետք է մեր ամենօրյա աշխատանքով ու մեր հոգածությամբ ցույց տանք մեր շնորհակալությունն ու հարգանքը դեպի այդ մարդիկ և իրենց ընտանիքները»,- նշեց նախարարը:
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի ներկայացուցիչ Գուրգեն Նազարյանը նշեց, որ դպրոցում սովորում են 7-9-րդ դասարանների երեխաները, բայց առաջիկայում նաև ավագ դպրոցի կարգավիճակ են ձեռք բերելու:
Մինչև կեսօր դասավանդվում են հանրակրթական առարկաները, իսկ օրվա երկրորդ կեսին՝ մարզառազմագիտական մասնագիտացված առարկաները, որից հետո սաները կարող են անցկացնել իրենց օրն ինչպես ցանկանում են: Երեխաները երկու շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ և կիրակի օրերին, հնարավորություն ունեն տուն վերադառնալ: