Փաստաբանների պալատից հաստատում են՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը որպես փաստաբան է հանդես եկել կասեցված արտոնագրով
8 օր առաջ 168.am-ը մի հրապարակում ներկայացրեց, որում բերված էին փաստեր առ այն, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը, վերազանցել իր լիազորությունները, կատարել ՍԴ դատավորի վարքագծի կոպտագույն խախտում:
Խոսքն այն մասին էր, որ արդեն իսկ լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում, ստանձնած լինելով ՍԴ դատավորի բարձր պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը որպես դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ:
Երեկ մենք հրապարակել ենք նրա ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Եվ մինչ մեկ շաբաթ շարունակ ՍԴ-ից գործողություն ենք ակնկալում այս խայտառակությանը ընթացք տալու առումով, թեմայի վերաբերյալ նորանոր բացահայտումներ ենք կատարում:
168.am-ը դիմել էր Փաստաբանների պալատ՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք ՍԴ դատավոր դառնալուց հետո Սեդա Սաֆարյանը կասեցրել է իր արտոնագիրը:
Պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը մեզ պատասխանեց՝ Սեդա Սաֆարյանի արտոնագիրը ՍԴ դատավոր դառնալուց հետո կասեցվել է սահմանված ժամկետում: