«Ինքն ասում է՝ ոչ մի իրավական հրահանգ չի եղել, որ մենք չենք ենթարկվել դրան»․ Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածի մայրը՝ գնդապետի հետ առերեսման մասին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ Քննչական կոմիտեում շուրջ 4 ժամ տևած առերեսումից հետո 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց։
«Ինքը ոչ մի կերպ չի ընդունում այս ամենը բարոյականության տեսանկյունից, ինքը հասկանում է, թե ինչ սխալներ են թույլ տվել ծնողների հանդեպ, բառացի ասում է դրա մասին ու նաև բարձրաձայնում է, որ ոչ մի իրավական հրահանգ չի եղել, որ մենք չենք ենթարկվել դրան։ Ինքն ասում է, որ զուտ ընկերական ձևով ծնողներին ասել է՝ պետք չէ, այս ամենը գեղեցիկ չէ, բայց ոչ մի հրահանգ չի եղել, ինքը մինչև վերջ պնդեց, որ ծնողներին հրահանգ չի եղել»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։
Այդուամենայնիվ ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից դուրս հանելու հրահանգ եղել է, ասաց Գայանե Հակոբյանը, և դա նաև ոստիկանության գնդապետն է հաստատել առերեսման ժամանակ․
«Ինքն ասում է, որ ըստ դասակարգի՝ հրամանը եկել է, իրեն էլ են հրամայել, ճիշտն ասած, անուն-ազգանունն ասաց, բայց չեմ կարող մտաբերել, բայց ասում է՝ հրահանգ չի եղել, որ ծնողներին այդ կերպ քարշ տալով դուրս բերեն պանթեոնի տարածքից, նաև ասաց, որ ոստիկաններն են որոշել, թե այս պահին ոնց վարվեն ծնողների հետ, այսինքն՝ վերևից չի եղել հրաման, որ ծնողների հետ նման կերպ վարվեն։ Այսինքն՝ ամեն ոստիկան ինքնուրույն է որոշել՝ այդ պահին ոնց վարվի ծնողների հետ։ Փորձում են ամեն ինչ խառնել, բայց պարզ է, որ առանց հրահանգի ոչ մեկը ոչինչ չի կարող անել, առավել ևս՝ ոստիկանը, եթե հրահանգ չլինի, ո՞նց կարող է ոստիկանը Եռաբլուրում ծնողի հետ այդպես վարվել։
Խուդինյանը 100 անգամ ներողություն խնդրեց, որ նման կերպ չպետք է վարվեին ծնողների հետ, դրա իրավունքն ուղղակի չունեն»։
Ուշագրավ է, որ ոստիկանության բարձրաստիճան սպան հերքել է տեղեկությունը, թե ծնողներին «Եռաբլուրը» ազատելու հրաման է եղել, մինչդեռ տասնյակ ծնողներ վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 9։30-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, հրավիրել էին Քննչական կոմիտե՝ առերեսման։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեն։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ պատճառելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Ծնողները մի քանի անգամ արդեն ակցիաներ են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի մոտ, պահանջել, որպեսզի իրենց նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն։
Նրանց խոսքով՝ 2023 թվականի հունվարի 20-ի դրությամբ ընդամենը 4 ոստիկան էր առերեսվել, նրանք ընդունել են իրենց մեղքը, սակայն մինչ այս պահը պատասխանատվության չեն ենթարկվել, և որ մինչ այս պահը բացահայտված չէ, թե ո՞վ էր ոստիկաններին նման հրաման տվել, որ ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում