«Ո՛չ իրավունք ունեմ, ո՛չ էլ պետք է, որ դրա մասին խոսեմ». Գեղարքունիքի մարզպետը՝ զինվորական կացարանի ողբերգության մասին

«ԵՄ տեխնիկական խմբի հետ հանդիպում ունեցել ենք Վայոց ձորում, սակայն ԵՄ դիտորդական  առաքելություն իրականացնող խմբի հետ մենք չենք հանդիպել»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հետ, և արդյո՞ք խումբն արդեն Հայաստանում է։

«ԵՄ տեխնիկական խումբն այն խումբն է, ովքեր քննարկում էին, թե որ մարզում են տեղակայվելու ԵՄ դիտորդական խմբերը և ինչպիսի ծառայություններ են պետք իրենց մարզում։ Սահմանի երկայնքով իրենք մոնիտորինգ են իրականացնելու։ Իրենց՝ Հայաստանում լինելու վերաբերյալ այս պահին ոչինչ ասել չեմ կարող»:

Գեղարքունիքի մարզում պարեկների աշխատանքի, մասնավորապես, նրանց թվաքանակի մասին մարզպետը տեղեկություն չուներ։

«Տվյաները հստակեցված չեն, բայց որ մարզում լինելու են ու պարեկային ծառայություն իրականացնելու են՝ դրա մասին տեղյակ եմ»,- շեշտեց Կարեն Սարգսյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հունվարի 19-ին մարզի N զորամասի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգությանը և հարցին՝ երբևէ այցելե՞լ էր այդ կացարան, մարզպետը պատասխանեց, որ ողբերգության օրը՝ գիշերը ժամը 3-ից տեղում է եղել։

Նա չցանկացավ խոսել այն մասին, թե այդ ժամին զինվորներին ինչ վիճակում են հայտնաբերել, միայն ընդգծեց, որ այն չէ իրականությունը, ինչի մասին խոսում են ոչ տեղյակ մարդիկ։

«Դրա մասին կներկայացնեն նախաքննության ավարտին, ես չեմ կարող դրա մասին խոսել։ Կրկնում եմ՝ ոչ իրավունք ունեմ, ո՛չ էլ պետք է, որ ես դրա մասին խոսեմ, նախաքննությունը կավարտվի, դրա մասին կխոսեն»,- շեշտեց մարզպետը։

Զինվորական կացարանների ու առհասարակ կենցաղի վերաբերյալ այլ հարցերի Կարեն Սարգսյանը ևս հրաժարվեց պատասխանել, առաջարկելով լրագրողներին նմանատիպ բոլոր հարցերն ուղղել Պաշտպանության նախարարությանը։

«Կարծում եմ՝ զորանոցի տեղակայման մասով ՊՆ-ն ունեցել է իր գնահատականը, որ այդտեղ տեղակայել է։ Ձեզ հավանաբար տեղեկացրել են, որ ՊՆ-ն գնել է կացարաններ, որոնք պետք է տեղակայվեին, բայց ինչ-ինչ պատճառներով այս պահին տեղադրված չեն եղել։ Եթե ուզում եք ինձանից այլ բան լսել, ես չեմ ուզում ուրիշ ձև պատասխանել»,- շեշտեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Լրագրողների մեկ այլ հարցին, թե բանակում ծառայե՞լ է, այդպիսի պայմաններում կծառայե՞ր, Կարեն Սարգսյանը պատասխանեց, որ ծառայել է, և այնպես չի եղել, որ իր ծառայության պայմանները լավն են եղել, բայց իր ծառայության ժամանակ նման ողբերգական դեպք չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս