«Հիմա մեզ մի հրաշք է պետք, մեզ մի լավ բժիշկ՝ ղեկավար է պետք, որ մեր մեջ մտած քաղցկեղը բուժի». Ղուկաս Խաչատրյան
Համացանցում հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո ֆեյսբուքյան շատ օգտատերեր մի տեսանյութ էին տարածում, որտեղ հայ ազատամարտիկը՝ հենց դիրքերում, խոսում է պատերազմի մասին.
«Ում տեսնում ես, ասում են՝ սա քաղաքական պատերազմ է, դեբիլ-դեբիլ խոսում են, այ դեբիլ, բա 1915 թվականը ինչո՞ւ եք մոռացել, ի՞նչ քաղաքական պատերազմ։ Ամեն մի նորմալ հայ պետք է կանչեր՝ Աստված՝ տուր, տուր իմ վրեժի օրը, որ սրանց հերն անիծեմ, մոռացե՞լ եք ինչ են արել 1920 թվականին՝ իմ պապերին կոտորել են։
Ես բան չունեմ, ունեմ զենք ու ամենամեծ բանը, ես իմ հողի համար եմ կռվում, սա սուրբ պատերազմ է»։
Քչերը գիտեն, որ տեսանյութի հայտնի ազատամարտիկը Ղուկաս Խաչատրյանն է՝ մովսեսցի միայնակ գայլը։
Ղուկաս Խաչատրյանը ինչպես 90-ականներին, այնպես էլ այսօր ապրում է իր ծննդավայր Մովսես գյուղում, ասում է՝ նույնիսկ մեկ օր չի բացակայել գյուղից՝ ոչ պատերազմի , ո՛չ էլ խաղաղ օրերին։
Այսօր արդեն ստույգ չի հիշում, թե կոնկրետ որ թվականին է նկարահանվել տեսանյութը, որտեղ արձանագրվել է իր արդեն հայտնի դարձած խոսքը: Գուցե 1991 կամ 1992 թվականին էր, ինքն էլ 22-23 տարեկան տղա էր՝ Տավուշի դիրքերում։ Կատակով ասում է՝ այդ տեսանյութը երբ պատերազմից երկար տարիներ անց առաջին անգամ տեսել է, շատ է հավանել, նույնիսկ բարձրաձայն ասել է՝ այ սա Ղուկասն է, ապրես։
«Պատերազմով անցած մարդ եմ, շատ բաներ չեմ հիշում, բայց այդ տեսանյութը երբ առաջին անգամ նայեցի, ինքս ինձ սիրեցի, նույնիսկ դրանից ես էի զարմացել։ Այն ժամանակ պարզ հոգով էի, հավատով, մի քիչ էլ՝ զայրացած»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։
Այսօր Ղուկաս Խաչատրյանը ցավ է ապրում Արցախի մի մասի կորստի համար: Հիմա էլ Արցախի շրջափակումը, թշնամու ներխուժումը Հայաստանի տարածք: Իրավիճակից դուրս գալու ճանապարհների մասին նրա պատկերացումներն էլ ինչպես 90-ականներին, այսօր էլ նույնն են՝ պայքարել ու պայքարել, չխեղճանալ։
«Ես միշտ ասել եմ, եթե ամեն մի հայ ճանապարհին մի ծառ տնկի, այդ ծառը մեծանա ու բերք տա, Հայաստանն ի՞նչ կլինի՝ դրախտավայր։ Ամեն հայ պետք է ջանա, որ ճանապարհի կողքին մի բերքատու ծառ տնկի, որ ես էլ այդ ճանապարհով անցնեմ ու բերքից օգտվեմ, ինչքան լավ կլինի, իմ տնկած ծառի բերքն էլ մեկ ուրիշը ուտի, այդ դեպքում Հայաստանին որևէ երկիր չի հասնի, այս ստրկամտությունը մեր ազգի մեջից դուրս կգա, ազատ կլինի։ Հիմա ազգի 90 տոկոսը ստրուկ է, ես հետաքրքրության համար Հայաստանում ինչքան կուսակցություն կա, մտել եմ՝ հասկանալու համար՝ այդ կուսակցություններից որևէ մեկում հայի ճիչ կա՞, բայց բոլոր տեղերում փուչիկ էր։ Դրա համար եմ ասում՝ եկեք ծառ տնկելով կուսակցություն ստեղծենք։ Ես ընդհանուր այլաբանորեն խոսեցի, դուք ուղիղ հասկացեք»,- նշեց Ղուկաս Խաչատրյանը։
Ու մեր զրուցակիցը մի հայտնի խոսք մեջբերեց՝ երբ հայը մի օր մտածի մեռնելու մասին, հաջորդ օրը կապրի արքայության մեջ, այլ կերպ ասած՝ երբ հայ ազգը մի օր մտածի ստրուկ չլինել, նման խեղճության մեջ չի ապրի։
«Եկեք բոլորս գնանք մեռնենք, որն էլ ապրի, գոնե կապրի արքայության մեջ։ Երբ ստրուկին ազատություն են տալիս, նա այլևս չի իմանում՝ ինչպես ապրի։
Գիտե՞ք՝ մեր պարտության պատճառը որն էր, որ «լյուբոյ» քաջի հանեցին սահմանից: Մենք, չգիտես ինչու, սովորաբար դերասանների ենք սիրում, այ մարդ, թող մարդը մի քիչ էլ խմող լինի, բայց լավ հրամանատար լինի, բայց չէ, կբերենք ու հրամանատար կնշանակենք դերասանի, որ լավ դերասանություն անի։ Ազգը պետք է քնից արթնանա, քնած է դեռ, սահմանին կռիվ է, մահը մոտեցել է, բայց ազգի մի մասը «գողական» է գնում, սա ի՞նչ է, նման ազգերը կապրե՞ն։ Մեր մեջ վրեժի ծարավ չկա, և եթե որևէ մեկի մեջ վրեժի ծարավ չկա, այդ ազգը վերանալու է։ Մենք նեղվում ենք, որ թուրքն իր երեխաներին վրեժի ծարավով է դաստիարակում, ինչո՞ւ մենք էլ նույնը չենք անում։
Հիշում եմ՝ Փաշինյանը մեր գյուղ էր եկել, մոտեցա ասացի՝ ընկեր Փաշինյան, մի «լատարեյ» պետք է հնարեք ու անունը գրեք «ի հայոց բանակ», ամբողջ աշխարհում հայությունը դա գնի ու դրա փողով բանակին զենք գնենք։ Ինձ Փաշինյանը պատասխանեց՝ բանակի ու բանկի հաշիվը չգիտե՞ս, ուզում ես՝ գնա փող փոխանցի։ Այ մարդ, ես եմ, հայրենիքը չեմ սիրում, բայց այդ «լատարեյը» կառնեմ, որ փող շահեմ, դժվա՞ր է ստեղծեք դա։ Փաշինյանի այդ պատասխանից հետո, ես ասացի՝ նա ճիշտ ղեկավար չէ, այսինքն՝ ղեկավար չէ»,- եզրակացրեց մեր զրուցակիցը։
Ու հետո պատմեց ազատամարտիկ Ղուկաս Խաչատրյանը, որ այսօր Մովսես գյուղում խմելու ջուրը չորս օրը մեկ են տալիս, իսկ հայկական կողմի աղբյուրի ջրերը հոսում են Ադրբեջան։
«Հիմա խնդրում եմ՝ բերեք մի հատ նասոս դրեք, աղբյուրի ջրերը հանեք ու իմ վրա ծախեք, ես փողը կտամ ու այդ ժամանակ իմ կողքի ադրբեջանական գյուղը կվերանա, մեր զուլալ ջրերը տալիս ենք ադրբեջանցիներին, մենք չորս օրվա հավաքած ջուր ենք խմում»,- վրդովված ասաց Ղուկասը։
Բայց հայրենանվեր ազատամարտիկը վստահ է՝ 2020 թվականի պատերազմում Հայաստանը կհաղթեր, եթե չլիներ այնպիսի ղեկավարություն, որը «գողական» էր և բանակից ու երկրից հանեց՝ ինչքան լավ, հայրենասեր տղա կար: Բոլորին հանեց ու նրանց փոխարենը բանակ տարավ սուտ գեներալներին։
«Դրա համար ես էլ բանակից դուրս եկա, ես չէի կարող ուղղակի հավի նման ապրել, հարյուր անգամ մենակ մտել եմ թուրքի տարածք ու դուրս եկել, ինչպես կարող էի թույլ տալ, որ մի աննորմալ ինձ վիրավորեր։ Հիմա մեզ մի հրաշք է պետք, մի հրաշք ղեկավար, որ այս ամենը կարողանա սիրով հարթել։ Քաղցկեղ է մտել մեր մեջ, արմատները տարածել ու ներսից ուտում է մեզ, մեզ մի լավ բժիշկ՝ ղեկավար է պետք, որ այս քաղցկեղը բուժի»,- եզրափակեց ազատամարտիկը։