Նիկոլ Փաշինյանի քարոզչության գաղտնի կոդը
Գիտության մեջ կա էպիֆենոմեն հասկացություն, որը նշանակում է պատճառահետևանքային պատրանք։ Այսպես են բնորոշում այն իրավիճակները, երևույթները կամ մարդկանց, ովքեր ամենատարբեր գործոնների ազդեցությամբ պատճառը շփոթում են հետևանքի, հետևանքը՝ պատճառի հետ։
Ժամանակակից հասարակությունները որոշ հեղինակների կողմից գնահատվում են հենց էպիֆենոմենալ հասարակություններ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ տեղեկատվության ու հատկապես քարոզչության ներկայիս ժամանակաշրջանը պարարտ հող է ստեղծում պատճառահետևանքային պատրանքների համար։ Այս երևույթն ամենատարբեր դրսևորումներով արտահայտվում է նաև քաղաքականության մեջ, և հենց դրա ականատեսն ենք մենք նաև հայկական քաղաքական կյանքում։
Բոլոր քիչ թե շատ առողջ մտածողները, տրամաբանողներն ու վերլուծողները պնդում են, որ այսօրվա աղետալի իրականության ՊԱՏՃԱՌԸ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են։ Դավաճանությա՞ն, դիլետանտությա՞ն, անկարողությա՞ն, թե՞ այլ գործոններով պայմանավորված, տվյալ դեպքում երկրորդական է։
Կարևորն այն է, որ կա առնվազն ինտելեկտուալ կոնսենսուս այն հարցի շուրջ, որ այսօրվա աղետի ՊԱՏՃԱՌԸ Նիկոլ Փաշինյանն է, ինչից բխում է, որ Արցախում ու Հայաստանում կատարվող ցանկացած բացասական երևույթ այդ պատճառի հետևանքն է։ Նիկոլ Փաշինյանը հրաշալիորեն գիտի, որ հենց ինքն է ներկայիս բոլոր աղետների պատճառը։
Բայց իմանալը մի բան է, հայտնելը՝ բոլորովին այլ։ Հայտնել, իմա՝ խոստովանել, կնշանակի լավագույն դեպքում՝ հրաժարվել իշխանությունից, ինչը Նիկոլ Փաշինյանը համարում է մահացու սպառնալիք։ Հետևաբար, գիտակցաբար կամ ոչ, Նիկոլ Փաշինյանը կամ նրա քարոզչությամբ զբաղվողները (ներքին, թե արտաքին՝ էական չէ), որպես մարտավարություն, ընտրել են հասարակությանը հենց էպիֆենոմենալ մոլորության մատնելու ռազմավարությունը։ Նրանք բոլոր հնարավոր մեթոդներով հանրությանը փորձում են ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ստեղծված իրականության պատճառն է, այլ ՀԵՏԵՎԱՆՔԸ։ Այդտեղից էլ ծնվում են ամեն ինչի համար մեղավորներ նշանակելու հնարքները՝ «նախկիններից» ու «անարդար աշխարհից» մինչև «չար ուժեր» ու «դժգույն բախտ»։
Բոլոր այդ և չթվարկված բազմաթիվ կեղծ թեզերով հանրության գիտակցությունը, իսկ ավելի շատ՝ ենթագիտակցությունը վարժեցվում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը՝ անհատապես, և նրա իշխանությունը՝ հավաքականորեն, ոչ թե բոլոր աղետների պատճառն են, այլ իրենից դուրս գտնվող բազմաթիվ այլ պատճառների հետևանքը։ Իսկ հետևանքից մինչև «զոհ»՝ կես քայլ է։
Եթե հաջողվում է հասարակությանը համոզել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատճառ է, այլ հետևանք, ապա իրականում մեղավորի ու պատասխանատուի փոխարեն՝ նա հանրությանը ներկայանում/ներկայացվում է՝ որպես զոհ։ Ահա հենց այդ թեզից են բխում «Խեղճ Նիկոլը ի՞նչ անի», «Նախկինները չեն թողնում աշխատի», «Նիկոլը պայքարում է ներքին սաբոտաժի դեմ» և բազմաթիվ այդպիսի անհեթեթություններ, որոնք լայնորեն տարածվում են իշխանական քարոզչամիջոցներով ու էժանագին այլ կապուղիներով։
Էպիֆենոմենալ վիճակը, որում այսօր գտնվում է մեր հանրության առնվազն պատկառելի մի հատված, երկար, հետևողական ու մեթոդական աշխատանքի արդյունք է։ Իսկ դա նշանակում է, որ միայն նույնպիսի աշխատանքով է հնարավոր մարդկանց գիտակցությունը դուրս բերել մոլորությունից և վերականգնել իրական պատճառահետևանքային կապը նրանց մտածողության մեջ։ Առանց այդպիսի աշխատանքի, մոլորեցնող նպատակադրում ունեցող թեզերին միայն մակերեսորեն պատասխանելով (ինչով զբաղված են ընդդիմադիր շրջանակներն ու մերձընդդիմադիր փորձագետները), հանրությունը ոչ միայն չի վերականգնելու պատճառահետևանքային կապերը, այլ ավելի է խորասուզվելու էպիֆենոմենալ ճահճում, որը՝ որպես հարմարավետության գոտի, կարող է նաև հաճելի լինել շատերի համար։
Հարություն Ավետիսյան