Ամեն ինչի հիմքը, պաշտպանությունը, պետությունը բանակն է, ոչ թե բանակում չծառայած Նիկոլ Փաշինյան անձը
Մի քանի օրից բանակի տոնն է: Գուցե շատերը ասեն, որ ո՛չ հիմք կա, ո՛չ էլ այն նշելու տրամադրություն:
Մյուս կողմից, երկրում և ՀՀ զինված ուժերում վատ առիթները չեն ազդում իշխանությունների տրամադրության և առօրյայի վրա: Մասնավորապես, հունվարի 19-ին հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով մահացել է 15 զինծառայող, վիրավորների թիվը 3 է, բայց դեպքից օրեր անց Նիկոլ Փաշինյանը Իջևանում մասնակցել էր Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Այնուհետ, ըստ մամուլի հրապարակումների, իշխանական ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, կերուխում էին կազմակերպել ՆԳՆ նախարարին պատկանող իջևանյան ռեստորաններից մեկում՝ «Դոկ»-ում: Սա այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանը չի այցելել դեպքի վայր, ոչ էլ տեսակցել է վիրավորներին:
Երկրի ղեկավարությունը նպատակահարմար չի համարել նաև սգո օր հայտարարել:
Ըստ այդմ հարց առաջացավ՝ հնարավո՞ր է՝ իշխանությունները մի խնջույք էլ բանակի օրը կազմակերպեն՝ իրենց հատուկ հիմնավորմամբ, թե տղերքը զոհվել են, որ ապրենք, և այլն:
Մեր հարցին՝ բանակի օրվա հետ կապված որևէ միջոցառում նախատեսվա՞ծ է՝ խնջույք, պարգևատրման առանձին արարողություն, ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը առանց կոնկրետ օր նշելու՝ պատասխանեց.
«Որևէ տոնական միջոցառում չի լինելու, նախատեսված է միայն հրամանատարական կազմի հավաք-խորհրդակցություն»:
Հնարավոր է՝ հրամկազմի հետ հավաք-խորհրդակցությունը լինի հունվարի 27-ին, հնարավոր է՝ 28-ին:
Իսկ թե Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է այդ հավաքին, ՊՆ-ից, բնական է, չէին կարող հայտնել:
Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 28-ին իշխանությունները «Դվին» հյուրանոցային համալիրում նախատեսել էին ճոխ խնջույքով նշել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակը: Նախատեսված ընդունելությունը չեղարկվել էր, քանի որ բանակի ղեկավար կազմում կորոնավիրուսով վարակման դեպքեր էին արձանագրվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից հետո: Այսինքն, չեղարկման պատճառը 2021-ի տարածքային մարդկային կորուստները չէին, մասնավորապես, 2021-ի նոյեմբերյան մարտերի հետևանքով:
Ինչևէ, 2022 թվականի մարտի 3-ին Կառավարության նիստում պարզվեց, որ խնջույքը «Դվինում» կնշվի մայիսին, այդ նպատակով շուրջ 13 միլիոն դրամի գնում էր կատարվել:
«Երևան քաղաքի «Դվին» համալիրի մեծ դահլիճում նախատեսված է հյուրասիրության կազմակերպում, մասնակիցների թիվը՝ 800 մարդ, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13,322.1 հազար դրամ:
Հաշվի առնելով, որ, համաճարակային իրավիճակով պայմանավորված, միջոցառումը չեղարկվել է, սակայն հետագայում դրա կազմակերպման վերաբերյալ կայացվել է որոշում, ծառայության գնման գործընթացը բնականոն կազմակերպելու, այն է՝ հետադարձ ուժ չսահմանելու նպատակով առաջարկվում է այս կետը ևս ներառել որոշման նախագծում»,- նշված էր համապատասխան որոշման մեջ:
Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ խնջույքը տեղի է ունեցել ոչ թե բանակի կազմավորման, այլ մայիսի 9-ի՝ խորհրդային հաղթանակի համատեքստում, եղել են հյուրեր նաև ՌԴ-ից:
Հավելենք, որ 168.am-ը գրել էր, որ 2022-ի հունվարի 28-ին, երբ լրանում էր ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից և այդ ժամանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանից բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ չեղան, չկազմակերպվեցին նաև պետական միջոցառումներ:
Այսինքն՝ երկրում սգո օր հայտարարելը կամ ՀՀ ԶՈւ կազմավորման օրվան պետական կարևոր նշանակություն հաղորդելը կախված է մեկ մարդու կամքից՝ բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանից:
Իսկ պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը: Իսկ բանակը՝ որպես պետական ինստիտուտ, լավ թե վատ, գոյություն ունի, և ոչ թե խնջույքով, այլ պետական միջոցառմամբ պարտավոր ենք այդ գոյությունն արժևորել: Այսինքն, պաշտոնական պարգևատրման արարողություն, պետական ոչ խնջույքային միջոցառում կազմակերպելով՝ կարող էինք մեր շնորհակալությունը հայտնել զինվորին և սպային, ինչո՞ւ չէ՝ առնվազն ներողություն խնդրեինք անվտանգային ոչ բավարար պայմաններ ստեղծելու, այն կազմաքանդելու համար:
Այդ ինչպե՞ս է, որ «Եվրատեսիլ» կազմակերպել կարող են, «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխություն կարող են, բայց բանակի տոնը պաշտոնական միջոցառումների տեսքով հիշատակել չեն կարող: Իսկ մեր ժամանակի գլխավոր հերոսը հայ զինվորն է:
Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում. «Մեր մասին հիշելու են՝ երկիրը պահպանվե՞ց, թե՞ ոչ, հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք, անկա՞խ եք, թե՞ ոչ: Ի վերջո, կարողացա՞նք դառնալ դեմոկրատական պետություն, թե՞ ոչ, մարդկային, ազգային, սոցիալական արժեքներն էս երկրի մեջ պահպանվեցի՞ն, թե՞ ոչ: Իսկ ամեն ինչի հիմքը բանակն է, պաշտպանությունը»:
Բանակի օրվա հետ կապված պետական միջոցառում պետք է լինի, այլ հարց է, որ գործող իշխանությունները բանակի տոն նշել ասելով՝ հասկանում են միայն խնջույք-խորովածի սեղանի շուրջ կերուխում՝ առանց գաղափարական հենքի: