ՊՆ և ԳՇ ղեկավարները բանակի օրն ուղերձներ չեն հղել. անտարբերությո՞ւն, թե՞ այդպես է հրամայված

2022թ․ հունվարի 28-ին լրացավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակը, սակայն երեկ ոչ միայն պետական միջոցառումներ չկազմակերպվեցին, այլև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից և ԳՇ պետ Արտակ Դավթյանից բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ չեղան:

Ի դեպ, անցած տարի Վաղարշակ Հարությունյանը, երբ պաշտպանության նախարար էր, ևս բանակի օրվա առթիվ ուղերձ չի եղել:

Բանակի տոնը 2021-ին պաշտոնապես շնորհավորել էր միայն ԳՇ պետի պարտականությունները կատարող Օնիկ Գասպարյանը:

2020-ին, սակայն, երբ Արտակ Դավթյանը դարձյալ ԳՇ պետ էր, բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ հղել էր՝ արցախյան վերջին պատերազմից առաջ:

2020-ին բանակի տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք է եղել նաև այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից:

Ավելին, 2020-ի հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք: Վարդենիս էին մեկնել նաև Կառավարության անդամները:

Այդ ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրավերով Վարդենիսում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Վերադառնալով ուղերձների թեմային, նշենք, որ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ չեն հղել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երբ արցախյան պատերազմում նաև ոստիկաններ են զոհվել, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ լինելով զինվորական:

Գուցե մի օր ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը դադարի՞ լինել ազգային տոն և դառնա սովորական օ՞ր:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձներ հղել են, բայց ուժայինների նման անտարբերությունը ստիպում է ենթադրել՝ կամ սեփական նախաձեռնությամբ են նման անտարբերություն դրսևորել, կամ՝գուցե «ներքին կարգո՞վ» է հրամայված ուղերձ չհղել:

Տեսանյութեր

Լրահոս