«Բոլոր փորձագետները, լինելով մեկական ոլորտի նեղ մասնագետ, հաստատել են 1-5 տասնյակ հիվանդությունների խմբերի հայտերը». ԱՆ-ում ՀՊ հաշվեքննության դրվագները

Օրերս ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկում էին Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները։ Առողջապահության նախարարությունում սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը տեղեկացրել էր. «Հիմնական արձանագրումը տվյալ դեպքում վերաբերում է սոցիալապես անապահով և առանձին խմբերի բժշկական օգնության ծառայությունները հաշվեքննելու ընթացքում հաշվեքննությանն անհրաժեշտ տեղեկատվության սահմանափակմանը»:

168.am-ն առանձնացրել է այս հաշվեքննության առավել ուշագրավ դրվագները:

Այսպիսով, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ն է, կատարման ժամկետը՝ 2021թ. մարտի 5-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 30-ը:

Հաշվեքննությանն նպատակն է եղել գնահատել սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության ծառայությունների շրջանակներում պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և ծախսային արդյունավետությունը, տնտեսման սկզբունքի պահպանումը:

Կարդացեք նաև

Ի դեպ, 2020թ. պետական բյուջեից ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 27 միլիարդ 104 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 8,635․9 մլն դրամով, օգտագործվել է 25 միլիարդ 982 միլիոն 873 հազար դրամը:

Ինչպես նշվում է հանրայնացված եզրակացության մեջ՝ հաշվեքննության համար հայցված տեղեկատվությունը ԱՆ կողմից տրամադրվել է ոչ ամբողջական, որոշ դեպքերում՝ չի տրամադրվել կամ տրամադրվել է ուշացումներով, պահանջվածը չի տրամադրվել նաև այդ տեղեկատվությունը տիրապետող և տնօրինող այլ համապատասխան կազմակերպության կողմից, ինչն էլ էականորեն սահմանափակել է հաշվեքննության շրջանակը:

Իսկ պահանջված տեղեկությունները, օրինակ, վերաբերել են էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգում արձանագրված դեպքերի շահառուների նույնականացման տվյալներին, ինչպես նաև՝ քաղաքացիներին տրամադրված ուղեգրերին: Այն, ի դեպ, ՀՊ-ին չի տրամադրվել ոչ միայն նախարարության կողմից, այլև՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի: Սրա հետևանքով հնարավորություն չի ընձեռվել համադրել շահառուների ու վերջիններիս մատուցած ծառայությունների ֆինանսավորման հիմքում ընկած ցուցանիշները:

Նախարարության կողմից չի տրամադրվել նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների ձևավորման, հաշվարկման ու գոյացման սահմանված մեթոդաբանության վերաբերյալ տեղեկությունը:

Սա դեռ ամենը չէ՝ դեպքերի անհատական վարման (case management) ընթացակարգում ներգրավված 300-ից ավելի նեղ մասնագիտացված հիվանդությունների գերակշիռ մասի համար, պարզվում է՝ բացակայել են լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցները, չեն եղել համապատասխան քանակի նեղ մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ: Սակայն սա չի խանգարել, որ նախարարության կողմից իրականացվեն դեպքերի անհատական վարման, գնահատման և հաշվետվությունների ընդունման ու դրանց դիմաց վճարման աշխատանքներ։

«Բոլոր փորձագետները, լինելով մեկական ոլորտի նեղ մասնագետ, հաստատել են 1-5 տասնյակ հիվանդությունների խմբերի հայտերը,- ասվում է հաշվեքննության մեջ՝ մանրամասնելով,- Մասնավորապես, Ա.Վ.Մ.-ն, հանդիսանալով «Սննդի հիգիենայի» մասնագետ, փաստացի որպես բժիշկ-փորձագետ վերլուծել և հաստատել է թվով 5 ԲԿ-ներից ստացված 2 526 հայտ, որի մեջ ներառվել են՝ ուռոլոգիական, ուռուցքաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, կենսաքիմիական-բիոքիմիական, վարակիչ հիվանդությունների խմբերում ներառված հայտերը։

Ա.Ռ.Ս.-ն, չլինելով բժիշկ և հանդիսանալով «Արդյունաբերության պլանավորման» մասնագետ, աշխատանքի ընդունվելու պահին չունենալով բժշկության ոլորտի ստաժ, փաստացի որպես մշտադիտարկող բժիշկ-փորձագետ պետք է վերլուծեր և հաստատեր թվով 5 ԲԿ-ներից ստացված հայտերը, սակայն համաձայն «ԱՐՄԵԴ» համակարգից արտահանված տվյալների՝ ոչ մի հայտ չի հաստատել, իսկ կցված ԲԿ-ների հայտերը հաստատվել են ավտոմատ կերպով կամ այլ մասնագետների կողմից:

Կ.Թ.-ն, հանդիսանալով «Սիրտ-անոթային բուժման մեթոդների» մասնագետ, աշխատանքի ընդունվելու պահին ունենալով ընդամենը 2 տարվա աշխատանքային ստաժ, որից ընդամենը 1 տարին բժշկության ոլորտի, փաստացի որպես գլխավոր փորձագետ պետք է վերլուծեր և հաստատեր 4 ԲԿ-ներից ստացված հայտերը։ Համաձայն «ԱՐՄԵԴ» համակարգից արտահանված տվյալների՝ վերջինս հաստատել է թվով 3226 հայտ՝ 22 տարբեր հիվանդությունների գծով, որոնց թվին է դասվել գենետիկական, իմունաբանական, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական և այլն»:

Սա էլ դեռ ամենը չէ. Ինչպես տեղեկանում ենք եզրակացությունից, հաշվեքննությունը ներառող ժամանակահատվածում նախարարությունում նաև ներքին աուդիտի գործառույթը չի իրականացվել «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանվածին համահունչ:

Այս առնչությամբ ՀՊ-ն արձանագրել է, որ հաշվեքննությունն իրականացնող խմբին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2020թ․ ԱՆ կողմից ԲԿ-ներում ուսումնասիրություններ չեն իրականացվել: Առողջապահության նախարարությունը սա պայմանավորել է 2020թ. ընթացքում, Covid-19 համավարակի պայմաններում տեղում մշտադիրտարկումներ և ուսումնասիրություններ իրականացնելու սահմանափակմամբ : Այս դիրքորոշումը, սակայն, հաշվեքննողը չի ընդունել՝ նկատելով, որ ընթացիկ եզրակացության մեջ ներառված դիտարկումները և կատարված եզրահանգումները վերաբերում են ոչ միայն 2020թ.-ին, այլև դրան նախորդող ժամանակահատվածին։

Տեսանյութեր

Լրահոս