Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել Հայաստանում եվրոպական առաքելությանը. ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշման կարևորությանը:

«Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում նա գրել է, որ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը:

Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

Այս մասին հայտարարություն էր տարածել ԵՄ խորհուրդը:

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և հանձնառու է՝ սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- նշել էր ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հաղորդագրությունում ասվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Առաքելությունը նաև կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում միջնորդական ջանքերին:

Հայաստանում ԵՄ առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի ժամկետով: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս