«Մեծ արհավիրքի առջև ենք. ավելի մեծ հարվածներ են լինելու, եթե որևէ բան չձեռնարկենք». Կարեն Միրզոյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը մեծ ական է համարում գործող իշխանությունների այն մոտեցումը, թե իրենք ոչինչ անել չեն կարող Արցախի հարցում, և, որ Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ:

«Ժամանակին, այո, խոսվել է այն մասին, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր բանակցություններին: 90-ական թվականների սկզբին Արցախի իշխանությունները մասնակցել են բանակցություններին, և ես հստակ կարող եմ ասել, որ 90-ականների բանակցային փուլը, երևի, ամենահաջողված փուլերից էր, որը թույլ տվեց կանգնեցնել պատերազմը և դուրս գալ որոշակի խաղաղ պայմանավորվածությունների: Դա հնարավոր եղավ, առաջին հերթին, շնորհիվ Արցախի իշխանությունների ուղղակի և էֆեկտիվ մասնակցության: Այսօր, երբ խոսվում է, որ մենք դաշտը թողնում ենք Արցախի իշխանություններին, այստեղ ես տեսնում եմ հետևյալ խորամանկությունը, այսինքն՝ չկա հստակ ձևաչափ, որով պետք է ընթանան այդ բանակցությունները՝ միջնորդավորված թե ուղղակի, իսկ հաշվի առնելով նաև Ադրբեջանի ակնհայտ մերժողական դիրքորոշումը և ընդհանրապես հրաժարումը պաշտոնական որևէ շփումից, ուղղակի զրոյականի է հանգեցնում նման բանակցությունների էֆեկտիվությունը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ հիմա Արցախին միայնակ թողնելը չի՞ նշանակում՝ ձեռքերը լվանալ Արցախից, և ինչպես շատ է նշվում՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, նա պատասխանեց. «Դուք ինքներդ Ձեր հարցին պատասխանեցիք: Ամեն ինչ դրան է տանում, որովհետև բացակայում է հստակ ձևակերպված ձևաչափ, թե այդ բանակցություններն ինչպես են ընթանալու, ում միջև, ինչ եղանակով, ինչ օրակարգով: Դրա փոխարեն՝ մենք ծանոթ ենք Ադրբեջանի դիրքորոշմանը: Ալիևը բազմիցս ասել է, որ իր համար Ղարաբաղի հարցը փակ է, և մտադիր չէ քննարկել որևէ ավտոնոմիայի ձևաչափ, որը նախկինում ադրբեջանական կողմն ընդունում էր: Այս պայմաններում խոսել, որ՝ թողնենք՝ Ղարաբաղն ինքը որոշի իր ճակատագիրը, ուղղակի բառ չեմ գտնում դա մեկնաբանելու»:

Կարդացեք նաև

Կարեն Միրզոյանը նկատեց՝ իշխանությունները հավերժ չեն, վաղ թե ուշ ստիպված են լինելու լքել քաղաքական դաշտը, սակայն, այն ժառանգությունը, որը թողնելու են իշխանության եկած քաղաքական ուժին, իրոք ահավոր ծանր է լինելու և թուլացնելու է հայկական կողմի դիրքերը. «Սակայն դա չի նշանակում, որ իրենց այսօրվա քաղաքականությամբ իրենք հավերժ փակում են արցախյան հարցը: Նախ՝ Արցախի հարցը միայն արցախցու խնդիրը չէ, դա ողջ հայության խնդիրն է: Արցախի հարցի ոչ հայանպաստ կարգավորումը, նախ և առաջ, հարված է Հայաստանին: Այդ հարվածները մենք արդեն տեսնում ենք և տեսնելու ենք ավելի մեծ հարվածներ, եթե որևէ բան չձեռնարկենք»:

Արցախի ԱԳ նախկին նախարարը շեշտեց. «Մենք այսօր գտնվում ենք շատ մեծ արհավիրքի առջև և որքան շուտ դա հասկանանք, այդքան շուտ հնարավոր կլինի կանխել այդ արհավիրքը: Եթե շարունակենք նիրհի մեջ մնալ, նորանոր խնդիրներ են առաջանալու, որոնց դիմակայելը կլինի շատ ավելի դժվար: Մի բան ակնհայտ է, որ կորուստներ լինելու են: Երբ մեզ ասում են, որ փոքր կորստի միջոցով կարող ենք այս կամ այն բանից խուսափել, մեզ ակնհայտ խաբում են: Խուսափել հնարավոր է միայն հետևողական ծանր աշխատանքի շնորհիվ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս