Այս ողբերգական դեպքը հերթական անգամ փաստեց բանականաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը. «Հայաստան»

ՀՀ Զինված ուժերում արձանագրվեց հերթական, միաժամանակ՝ արտառոց աղետը, որի հետևանքով հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, մտերիմներին և մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միաժամանակ, ցավով արձանագրում ենք, որ նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը՝ փաստելով բանականաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման և զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Տեսանյութեր

Լրահոս