Անօրինական է առանց քննություն անցկացնելու մարդկանց ազատել պաշտոններից. Մովսես Հակոբյան․ News.am

Իրական պատասխանատուները պարզ կլինեն, երբ իրականացնեն ծառայողական քննություն կամ հետաքննություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին:

«Սա քաղաքական բան է, որ մարդկանց պաշտոնից հեռացնում են առանց պարզելու՝ ով է մեղավոր: Օրենքն արգելում է մարդուն ազատել պաշտոնից առանց հիմքերի: Ըստ կարգապահական կանոնադրության համապատասխան հոդվածի այդպես է: Անօրինական է, որ առանց քննություն անցկացնելու մարդուն ազատում են պաշտոնից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ այս դեպքում ավելի բարոյական կլիներ, որ պաշտպանության նախարարը հրաժարական տար, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Ես բարոյականը չգիտեմ, ես գիտեմ օրենքը որն է, իսկ օրենքը պահանջում է անցկացնել ծառայողական քննություն, պարզել մեղավորներին: Մեղավորներին պարզելուց հետո նոր որոշում կկայացվի»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճա զինվորական։

Տեսանյութեր

Լրահոս