Հայ-թուրքական գործընթացում առաջիկայում բեկումներ չեն լինի․ կա մի քանի պատճառ․ վերլուծաբան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս տարի ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին Ազգային ժողովում նախօրեին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչպես անցած տարի, այս անգամ ևս ես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- ասաց Միրզոյանը:

Նա նաև հստակեցրեց, որ երկու հատուկ ներկայացուցիչների հանդիպում առայժմ նախատեսված չէ, այսինքն՝ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց, ըստ նրա, իր Անթալիա այցը շատ կարևոր է երկխոսությունը շարունակելու և առարկայական արդյունքների հասնելու համար։

Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում հանդիպել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հիշեցնենք նաև, որ տարեսկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիան վերացրել է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովի գնահատմամբ՝ հայ-թուրքական վերջնական կարգավորման հնարավորություններն այս տարի քիչ հավանական են երկու հիմնական պատճառով. Առաջինը Հայաստան-Ադրբեջան բանակցություններն են, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը վերջին մի քանի տարիների ընթացքում հստակ դարձրին, որ առանց Հայաստան-Ադրբեջան բոլոր ծանր հարցերի համաձայնեցման կամ գոնե փաստաթղթի ստորագրման՝ Թուրքիան առարկայական քայլերի չի անցնելու։ Բնականաբար, հայկական կողմի ակնկալիքն այլ էր, որ հայ-թուրքական կարգավորումը և մերձեցումը կլինի շատ ավելի շուտ, քան Ադրբեջանի հետ բոլոր խնդիրների բանակցությունների ավարտը։

Ժամանակը ցույց տվեց, որ հայ-թուրքական հարաբերություններն անջատ գոյություն չունեն և չեն կարող ունենալ, քանի որ Ադրբեջանը դրանք կարողանում է չափազանց լավ կառավարել»,- ասաց նա։

Մյուս պատճառն, ըստ վերլուծաբանի՝ այն է, որ Թուրքիան այսուհետ հայտնվելու է ընտրական գործընթացի մեջ, քանի որ Թուրքիայում ընտրությունները տեղի են ունենալու մայիս ամսին, և ընտրական փուլը, զարգացումները միայն մայիսով չեն ավարտվելու։

«Ավելորդ կլինի նույնիսկ ասել, որ մինչ դա որևէ առաջընթաց չի լինի, իսկ դրանից հետո հնարավոր առաջընթացը կամ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը շատ անորոշ է թվում։

Թուրքիայի համար հայ-թուրքական օրակարգը ոչ այնքան կարևոր ուղղություն է այսօր, հաշվի առնելով այն, թե ինչպիսի գլոբալ հարցեր են քննարկվում և որքան հագեցած է՝ լավ թե վատ, դա այլ հարց է, բայց Թուրքիան նախաձեռնողական արտաքին քաղաքականություն է փորձում վարել, կրկին փորձում միջնորդական դեր ստանձնել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, բանակցությունների նոր շրջան Սիրիայի ու Ռուսաստանի հետ մերձավորարևելյան ռեգիոնում, թուրք-իրանական բանակցություններ, թուրք-ամերիկյան բանակցություններ։

Ներկայումս, ցավոք թե բարեբախտաբար, հարավկովկասյան գրեթե բոլոր զարգացումներն ունեն գլոբալ մեծ ազդեցություն, քանի որ աշխարհակարգային զարգացումները վերաբերում են բոլոր ռեգիոններին, իսկ Հարավային Կովկասը կարևոր է՝ որպես ՌԴ ազդեցության գոտի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս