«Ինչու՞ 29.800. ազգային ամոթ կամ՝ փախուստ ինքնությունից». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզապես՝ բարձր մտածում եմ, կիսվում մտածող ընկերներիս հետ…

Հայկական պետականության շարունակականության ձախողումների շղթան (Կիլիկիայի թագավորության մայրամուտից սկսած) սկսվեց այն ժամանակ, երբ տարարեսակ էլտաները՝

1- ձախողեցին կերտել՝ օսմանյան, պարսկական, ռուսական կայսրությունների սահմաններում ապրող հայության էթնիկ հավաքական մտածողություն,

2- չկենտրոնացրին, մոտիվացիա ու նպատակ չհաղորդեցին հայկական կենսունակ կապիտալին, որն այդ աշխարհաքաղաքական ազդեցիկ եռանկյունու՝ համաշխարհային առևտրի կենսունակ տարածքներում վճռորոշ նշանակություն ուներ,

3- աչալրջորեն չզբաղվեցին հայության ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, քաղաքական կարգավիճակի ու նպատակների, ինքնիշխանության ու ազգային-պետական շահի ձևակերպման հարցում առաջադեմ մտքի համադրմամբ,

4- նախընտրեցին պետականազուրկ, բայցև մշակութային հանրույթի վախկոտ համբավը (իրականում՝ խարանը), քան քաղաքական հեռանկար, ասելիք ու հանդուգն նախաձեռնողականություն ունեցող ազգի կարգավիճակը,

5- թշնամու կերպարի դեմոնիզացումը, արտաքին սպառնալիքի ու վախի գործոնը դարձավ մեր ոչ ազգային օրիենտացիայի ու գեոպոլիտիկ կողմնորոշման գաղափարական հենքը:

Հայաստանում գործող իշխանությունը, նախատիպերի նման, չունի ազգային ինքնիշխան որոշումների ընդունման ո՛չ մոտիվացիա, ո՛չ հանձնառություն, ո՛չ ձևավորած ռազմավարություն: Չի զգում դրա անհրաժեշտությունը: Արցախի կամ ՀՀ յուրաքանչյուր մարզի քաղաքական ճակատագրի հարցում համատարած կամ թաքնված անտարբերության արմատներն այստե՛ղ են: Սա՛ է պատճառը, որ իշխանությունը զավթած ՔՊ-ական խունտան հանրային գիտակցության մեջ փորձում է անընդհատ սերմանել 29.800 քկմ տարածքի թիվը:

Որքան հայ ժողովրդի գոյատևման, մղած (իրեն պարտադրված) պատերազմների գաղափարական հիմքը սահմանափակենք բացառապես «տարածքի» բաղադրիչով, այնքան արմատավորելու ենք՝ հավաքական թշնամու կերպարի միֆականացումից եկող դարավոր «վախը», ուստիև՝ անվտանգության ապահովման արտաքին պատրոնաժի խոսույթը դուրս չի գալու մեր առօրյայից, գիտակցությունից ու կենցաղից: Այլ կերպ՝ ռուսական կամ իրանական, թուրքական կամ ամերիկյան անվտանգության մտացածին երաշխիքների մասին խոսելը արգելակելու է ազգի ու նրա ինքնության ձևավորման կարևորագույն բաղադրիչը՝ ինքնիշխան մտածողությամբ, բնական զարգացման համար անհրաժեշտ մտավոր ու ֆիզիկական «տարածքի» սահմանագծումը: Վախի մոտիվացիայով ձևավորված արտաքին քաղաքական օրակարգը հանգեցնելու է որոշումների ու մտածողության սահմանափակման, նույնն է՝ թյուրքական իլիկը մանելուն, ինչով էլ զբաղված է ՀՀ իշխանությունը՝ սերմանել վախ, ուստիև՝ գիտակցորեն նախապատրաստել հանձնվելուն:

1989 թ. դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման խափանումը հենց ա՛յս տրամաբանության մեջ էր… Այդ որոշման իրականացման ռեալ և այդպիսով՝ ազգային պետություն դառնալու բացառիկ պատմական հնարավորությունը մեզ տվեց 1990 թ. օգոստոսի 23-ի՝ Անկախության հռչակագիրը, որը նախընտրեցինք չիրականացնել և մտանք թշնամու հետ պատերազմ՝ մտքում ունենալով ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ գաղափարի հավերժականությունն ու հայկական ինքնության իրական բաղադրիչներով պետականակերտումը, այլ հետսառըպատերազմյան նեոլիբերալ կառուցվածքի արժեքային ու պրոցեդուրալ «գայթակղիչ» հեռանկարը:

Արցախի, Սյունիքի կամ Արևմտահայաստանի համար մենք ո՛չ թե օտար գաղութատերերի քանոնով գծած տարածքի, այլ ինքնությ՛ան կռիվ պիտի մղենք:

Այլապես՝ հավաքական ինքնության ու «մենքի», վերջինի կենսատարածքի ստեղծման ճգնաժամը շարունակելու է ուրվականի պես ուղեկցել մեզ սերնդե-սերունդ:

թուրքի կերպարի միֆականացումը, ինչը փորձում են անել հայաստանյան «էլիտայի» կերակրատաշտից օգտվող թերուսները, լինեն՝ քաղաքական գործիք, թաշկինակ, գործիչ, թե օլիգարխ, նրանց սպասարկող քաղաքական ու քարոզչական հարճերը, ոչ այլ ինչ է, քան ուղիղ թյուրքական հակաքաղաքակրթական գծի շարունակություն: Իշխող կուսակցության այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ազգային իրական ամոթը քողարկելու լյումպենական պատրվակ: Ցավոք, բայց օբյեկտիվորեն:

Պի՛նդ եղեք»:

Տեսանյութեր

Լրահոս