Միայն հսկող դատախազն ու դատարանը կարող են պարզել՝ ոչ իրավաչափ ձերբակալությունը չիմացությա՞ն արդյունք է, սխալ մեկնաբանությա՞ն, թե՞ չարամտության. Հրայր Ղուկասյան

«Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ունի մշակվածության բավականին բարձր աստիճան թե իրավական կարգավորումների, և թե իրավական լեզվի առումով: Այն գրված է պարզ ու մատչելի: Բացի դրանից, մշակման ողջ ընթացքում եղել են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, որոնց ընթացքում ոչ միայն հաշվի են առնվել նրանց առաջարկներն ու մտահոգությունները, այլև հնարավորինս մանրամասն բացատրվել է նոր կարգավորումների էությունը: Շատ կարևոր է ընդգծել նաև, որ օրենսգիրքն ընդունելուց հետո մինչև այն ուժի մեջ մտնելը, այսինքն՝ շուրջ մեկ տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ բավականին ինտենսիվ վերապատրաստումների ծրագրեր են իրականացվել դատավորների, դատախազների, քննիչների ու փաստաբանների համար»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Ղուկասյանը:

Վերջինս նշեց՝ ցավոք, կան նաև խնդիրներ կիրառման առումով, որոնք առավելապես ոչ թե օրենսդրական կարգավորումների թերությունների արդյունք են, այլ հիմնականում իրավակիրառողների կողմից օրենսգրքի դրույթների ոչ լիարժեք ընկալման և հաճախ ոչ ադեկվատ մեկնաբանման արդյունք է, երբ իրավակիրառողը չի փորձում օրենսգիրքը կիրառել օրենսգրքի ոգուն և տառին համապատասխան:

Անդրադառնալով վերջերս ՀՅԴ-ական երիտասարդների ձերբակալման առիթով իրավաբանական շրջանակներում քննարկվող անմիջականորեն ծագող կասկածի հիմքով ձերբակալության դրույթի մեկնաբանությանը՝ Հրայր Ղուկասյանը ներկայացրեց Քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանված ձերբակալության էությունը՝ վերանալով կոնկրետ փաստերից:

«Ձերբակալման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն անձի ազատությունը սահմանափակող միջոց է, որը տեղի է ունենում առանց դատարանի որոշման՝ մինչև 72 ժամ, առանձին դեպքերում՝ ավելի քիչ: Եվ այս առումով օրենսգիրքը շատ լուրջ պահանջներ ու երաշխիքներ է ներկայացնում, որպեսզի ազատության սահմանափակումը կամայական բնույթ չկրի»,- ասաց Քրդատ օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավարը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ եթե խոսքը գնում է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալման մասին, ապա սրանք այն դեպքերն են, երբ գործ ենք ունենում փողոցում հանրային վայրում կատարված առերևույթ հանցագործության հետ, որը խափանելիս կամ կանխելիս կամ որի հետքերով գնալիս իրավապահ մարմինները, առաջին հերթին՝ ոստիկանությունը, այդ պահին առերևույթ ինչ-որ մեկի բռնում են ենթադրյալ կասկածով հանցանք կատարելու համար:

«Դրանք կարող են բոլորին հայտնի իրավիճակներ լինել՝ վիճաբանություն, խուլիգանություն, կողոպուտ, փոխադարձ կռիվ… Իրավիճակներ, որոնք բավականին հաճախ են հանդիպում պրակտիկայում: Եվ այս հիմքով անձին ձերբակալելը անհետաձգելի, հրատապ միջոց է, որպեսզի կարողանան այն դեպքում, երբ կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնք առնվազն այդ պահին վկայում են, որ անձը հնարավոր է առնչակից լինի հանցանքի կատարմանը, կարողանան նրան ազատությունից զրկել, բռնել բառի բուն իմաստով, բերել ոստիկանություն կամ քննչական մարմին, որից հետո նրան հանձնում են քննիչին, որ վերջինս որոշի՝ կա՞ արդյոք հանցագործություն, թե՞ ոչ, և անձը պիտի մնա ձերբակալվա՞ծ, թե՞ ոչ»,- օրենքի կարգավորումը ներկայացրեց օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավարը:

Հրայր Ղուկասյանը նկատեց՝ օրենսգիրքը հստակ տարանջատում է այս դեպքում թե քննիչի, թե հետաքննության մարմնի իրավասությունները, և որևիցե դժվարություն չկա դրանք ճիշտ մեկնաբանելու:

«Այստեղ նաև մեծ անելիք ունեն դատարանները, եթե ձերբակալության իրավաչափությունը վիճարկվում է դատական կարգով: Դատական մեկնաբանությունները շատ կարևոր են, որպեսզի արդեն նաև գործնականում կանոններ սահմանվեն, որոնք կկանխեն այդպիսի ոչ իրավաչափ ձերբակալությունները»,- ասաց մասնագետը:

Ճշգրտող հարցին՝ 6 ամիս առաջ հարուցված վարույթի շրջանակներում կարգավիճակ ունեցող մարդուն կարո՞ղ են արդյոք տանից կամ փողոցից ձերբակալել անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, Հրայր Ղուկասյանը պատասխանեց՝ կոնկրետ դեպքին գնահատական տալիս պետք է իմանալ դրա բոլոր հանգամանքները, դրանք իրավասու անձանց քննության հարց են, և երբեք չի կարելի ասել, որ մի ձերբակալությունը կրկնում է մյուսին:

«Բայց բոլոր դեպքերում չափանիշը բոլորի համար մեկն է. իրավակիրառողը պետք է կարողանա հասկանալ, որ անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալումն այն հրատապ, անհետաձգելի միջոցն է, որից բացի, այլ տարբերակ չկա անձին իրավասու մարմնի տրամադրության տակ գոնե ժամանակավորապես պահելու համար: Եթե մենք խոսում ենք այն իրավիճակների մասին, երբ կա նախաձեռնված վարույթ, իրականացվում է քննություն, և կան ինչ-որ տվյալներ ինչ-որ անձանց դեմ, որ նրանք ենթադրյալ ինչ-որ հանցանքներ են կատարել, օրենսգիրքն այդտեղ իրավակիրառողին փակուղի չի մտցնում: Եթե կան փաստական տվյալներ այն մասին, որ կոնկրետ անձը կատարել է այս կամ այն գործողությունը, և քննությունը տիրապետում է դրանց, ինքը հնարավորություն ունի այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, տալու մեղադրյալի կարգավիճակ, նրան հարցաքննելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար միջնորդություն ներկայացնելու, այդ հիմքով նրան ձերբակալելու 24-ժամյա ռեժիմով»,- ասաց Հրայր Ղուկասյանը:

Նա շեշտեց՝ անմիջականորեն ծագած կասկածի հիմքով չկիրառված ձերբակալության պատճառով իրավական բաց չի առաջանում, և նախաքննության մարմինը չի զրկվում այդ անձի նկատմամբ գործողություններ կատարելու հնարավորությունից:

«Այստեղ տարբերությունը նախ ժամկետների մեջ է: Առաջին դեպքում մենք գործ ունենք 72 ժամի հետ, երկրորդ դեպքում՝ 24 ժամի: Բացի դրանից, այս հարցի վերաբերյալ, կարծում եմ՝ կան ստերեոտիպային մոտեցումներ, որովհետև նախորդից առաջ եղած օրենսգիրքը թույլ էր տալիս այդ ձերբակալությունը: Պատճառները պարտադիր չի, որ լինեն չարաշահման արդյունք, թեև դա չի բացառվում, բայց դրա համար կա անմիջականորեն դատախազական երաշխիքի հնարավորություն, ով ունի սահմանադրական գործառույթ ազատությունից զրկված անձանց ազատությունից զրկելու օրինականությունը ստուգելու և նրանց ազատ արձակելու: Դրա համար եթե այդպիսի դեպքեր արձանագրվում են, ու դրանք ունեն մեծացող միտում, դրանք պետք է կանխվեն առաջին հերթին դատական վերահսկողության ձևով: Միայն կոնկրետ դեպքի վերլուծությունը ցույց կտա՝ դա չիմացության արդյո՞ւնք է, սխալ մեկնաբանությա՞ն, թե՞ չարամտության: Դա պարզ կլինի այն դեպքում միայն, երբ կդառնա դատական վերահսկողության առարկա, և դատարանը կհասկանա ոչ իրավաչափ ձերբակալման պատճառները»,- ասաց Հրայր Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս