Հնարավո՞ր է բոլորին օգնել
Երբ տեսնում ենք այնպիսի մարդկանց, ովքեր ունեն մեր օգնության կարիքը, երբ մեր կյանքի ճանապարհին հանդիպում ենք այնպիսիններին, ում անհրաժեշտ է աջակցություն ինչ-որ խնդիր հաղթահարելու համար, ունենում ենք ամենքին օգնելու ցանկություն։
Բնական է, որ մեր միջոցներն ու հնարավորությունները սահմանափակ են, ուժերը՝ սակավ, և ոչ միշտ է, որ հնարավորություն ենք ունենում օգնելու ամենքին։ Այս անզորության զգացումը մեզ տանում է մի անցանկալի կետի՝ հիասթափության։ Սակայն մի կարևոր ընդգծում․ հիասթափվում ենք ո՛չ թե Աստծուց, այլ՝ ինքներս մեզանից։ Ինչո՞ւ է այսպես։
Կարեկցանքը քրիստոնյայի համար առաքինություն է, սակայն միայնակ՝ առանց Աստծուն ապավինելու, չենք կարող արդյունքի հասնել։
Հիշենք Աստվածաշնչում նկարագրված մի դրվագ՝ հացի բազմացման հրաշքը․ «Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավակով ամայի մի տեղ առանձնացավ։ Երբ ժողովուրդը տեղեկացավ, քաղաքներից հետիոտն նրա հետևից գնաց։ Հիսուսը, ցամաք ելնելով, տեսավ մի մեծ բազմություն, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին։
Երեկոյան կողմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղն ամայի է, ժամանակն էլ ուշ է, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն»։ Հիսուսն ասաց. «Կարիք չկա, որ գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք Հիսուսին ասացին. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից ու երկու ձկից»։ Նրանց ասաց. «Դրանք այստե՛ղ բերեք» Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։ Նրանք, ովքեր կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին» (Մատթ․ 14։13-21)։
Նկատենք, որ Քրիստոսի աշակերտները ոչ թե սեփական ձեռքերով կտրեցին հացն ու բաժանեցին ժողովրդին, այլ մի տեսակ դարձան միջնորդ՝ Քրիստոսի և մարդկանց միջև՝ Տիրոջ շնորհը մարդկանց փոխանցելով։ Այլոց օգնելու հարցում մեր հույսը դնելով Աստծո վրա՝ մենք նմանվում ենք հենց աշակերտներին՝ անվերապահորեն վստահում ենք Քրիստոսին, կիսում ենք մեզ բաժին հասած հացի թեկուզ փոքր կտորները՝ վստահ լինելով, որ բոլորին կբավականացնի։
Հավատացե՛ք, թեև մենք ունենք փոքր հնարավորություններ, սակայն դրանք կոչված են բազմապատկվելու, եթե ապավինում ու վստահում ենք Աստծուն, և Աստծուց տրվածը՝ մեր ունեցածը քիչ չհամարելով՝ անում ենք հնարավորը։