Ե՞րբ է սուպերվարչապետ Նիկոլ Փաշինյանն ասելու իր բաժին «ղալաթ եմ արելը»…
Վազգեն Սարգսյանին տարբեր «ղալաթներ» վերագրող երբեմնի կամ գուցե ոչ նախկին հոդվածագիր Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ Վազգեն Սարգսյանին էր հիշել, մեջբերել նրա խոսքերից, թե «Վազգեն Սարգսյանն էր, չէ՞, ասում՝ վախենում եմ ոչնչից չվախեցողներից»:
Խնդիրն այստեղ նույնիսկ այն չէ, որ պետական, ռազմական գործիչ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ընդունել, այլ այն, որ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից իր «վախերը» փորձում է քողարկել Վազգեն Սարգսյանի արտահայտած՝ մեր պատմությունը մեր իսկ ոտնահետքերով չավարտելու «վախերի» մեջ մտքով:
Ինչ էր ասում Վազգեն Սարգսյանը:
«….Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք:
Ու հիմա՝ Մեղրին:
Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:
Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը՝ քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է…
Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով:
Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում:
Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:
Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի…»:
Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չէ:
Լրագրողներից մեկը հիշեցրել էր՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունն էլ Հայաստանի համար սպառնալիք է, ապա հարցրել՝ ինչո՞ւ նպատակահարմար չէր ՀԱՊԿ զորավարժության անցկացումը, և արդյո՞ք դա հիմք չի տալիս պնդելու, որ գործող իշխանությունները վախվորած կամ խաղաղություն մուրալու քաղաքականություն են վարում:
Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ «ՀԱՊԿ-ը կգար, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք կստեղծեր և կգնար»:
«Պատկերացրի՞ք այդ իրավիճակը: Հենց այդ պատճառով: Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որից հետո մեր հարաբերությունները խորը և ինստիտուցիոնալ կառուցենք: Երբ որ ՀԱՊԿ-ն չի ասում, թե որն է իր պատասխանատվության գոտին, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է: Այսինքն, ՀԱՊԿ-ն չի ասում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը: Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մենք մինչև դա չիմանանք, կլինենք այդ իրավիճակում, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասած թուրք-ադրբեջանական տանդեմի համար 2 օր, իսկ 3-րդ օրը հանգստացեք, 4-րդ օրը գնացեք ձեր գործերին, իսկ մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիպման»,- շարունակել էր Փաշինյանն ու իր խոսքը համեմել Վազգեն Սարգսյանից մեջբերումով՝ «վախենում եմ ոչնչից չվախեցողներից», հետո էլ բացատրել իր վախերի հիմնավորումը, թե մենք մաքսիմալ պատասխանատու պետք է գործենք։
«Կա խոսույթ, որ խաղաղություն հնարավոր է ունենալ՝ պարտադրելով խաղաղություն։ Մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ չի ստացվում։ Բայց այն, որ խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է։ Միանշանակ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ստանալ: Խաղաղության կարելի է հասնել դիտանկյունները որոշակիորեն փոխելով, իրադրությունները և իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը, տեսանելիությունը և նշանակությունը մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով և, իհարկե, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով։ Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե մենք ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել»,- իր վախերը բացատրել էր Փաշինյանը:
Բայց Վազգեն Սարգսյանը վախենում էր նաև որակազրկումից, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից, բոշայությունից, որբացությունից, ծախված դիրքերից, անպատիժ անպատասխանատվությունից… և հորդորում էր՝ «ուրիշների քանակի դեմ՝ որակ, այլ ելք մենք չունենք»: Եվ դրանով կարծես ապագայի համար զգուշացնում «ժողովրդավարության բաստիոն» լինելու հավակնություն ունեցողներին, գերտերությունների բարեհաճությունը շահել փորձողներին.
«….Մենք էս պատերազմը պիտի շատ հարգենք, ընդհանրապես ղարաբաղյան ազատամարտը, Ղարաբաղի ժողովրդին մենք պիտի շատ հարգենք: Այս ազատամարտը մեզ ստիպեց, որ ինքներս մեզ հարգենք: Սա մեր պատերազմն է: Սիրենք թե չսիրենք, պատերազմ ոչ ոք չի սիրում, բայց պարտավոր ենք հարգել, առանց դրա մենք հեռանկար չենք ունենա… Պատերազմող երկրում, այնուամենայնիվ, երկրի մասին դատում են պատերազմի արդյունքով: Սրանից ընդամենը տասը տարի հետո մեր մասին չեն հիշելու, թե 1991, 92, 93-ի ձմռանը ՀՀ-ում որքան գազ կար կամ չկար, որքան ծառ կտրվեց: Ի վերջո, դա վերականգնվող բան է: Մեր մասին հիշելու են՝ երկիրը պահպանվե՞ց, թե՞ ոչ, հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք, անկա՞խ եք, թե՞ ոչ: Ի վերջո, կարողացա՞նք դառնալ դեմոկրատական պետություն, թե՞ ոչ, մարդկային, ազգային, սոցիալական արժեքներն էս երկրի մեջ պահպանվեցի՞ն, թե՞ ոչ: Իսկ ամեն ինչի հիմքը բանակն է, պաշտպանությունը»:
Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը
«Որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը: ժողովրդավարությունն այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո՛, նաև ի վիճակի է ապահովել երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը: (20 մայիս 2022)»:
Թե որքանով ենք այսօր ինքնիշխան, անվտանգ, դատողությունները թողնենք ընթերցողներին և մասնագետներին: Թե որքանով փաշինյանական ժողովրդավար Հայաստանը օգնեց միջազգային հանրության աջակցությունը ստանալ, դարձյալ առանց մեկնաբանության, փաստերը չափից ավելի շատ են: Գնահատողն էլ ժամանակն է ու ապագա սերունդները:
Ի դեպ, զինվորական ծառայություն չանցած, ռազմական ու դիվանագիտական փորձառություն չունեցող Նիկոլ Փաշինյանը համոզված պմդում է, որ «միայն մարտունակ բանակով խաղաղություն հնարավոր չէ, որովհետև ինչքան էլ որևէ բանակ մարտունակ լինի, կգտնվեն ուրիշ բանակներ, որոնք ավելի մարտունակ են»։ Սա շատ լավ արդարացում է բանակի վերականգնման համար գործնականում ոչինչ չանողների և բարեփոխումների իմիտացիա ստեղծողների համար, որովհետև ուժերի հավասարության առումով կարող ենք զիջել մեր հարևաններին, թեպետ նախկինում ապացուցել ենք, որ բանակի մարտունակությունը միայն մարդկային և նյութական ռեսուրսների քանակական առավելությամբ չի պայմանավորված:
Ապաշրջափակման մասին Նիկոլ Փաշինյանի և Վազգեն Սարգսյանի տեսլականները
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կոմունիկացիաների բացման՝ անտեսելով Արցախի և ՀՀ-ի անվտանգային խնդիրները, ապագան և ինքնիշխանությունը:
«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է։ Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք։ Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք։ Կոմունիկացիաների բացումը, առավել ևս՝ էս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում»,- Նիկոլ Փաշինյան, 2021-ի մարտի 20 Արագածոտնի մարզ, նախընտրական քարոզարշավ:
Իսկ ինչ էր ասում Վազգեն Սարգսյանը
1999 թվականի սեպտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին:
ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանը (1998-2000թթ․ ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան) այդ ժամանակ Լոնդոնից մեկնում է Վաշինգտոն Վազգեն Սարգսյանին օգնելու նախապատրաստվել ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին:
ԱՄՆ կատարած այցի շրջանակում Վազգեն Սարգսյանը հարցազրույց էր տվել Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաընկերությանը, պատմել էր, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Արցախի խնդիրը, առաջարկներ են եղել ապաշրջափակման հետ կապված՝ հակամարտության կարգավորումից հետո:
«Ղարաբաղի հարցի լուծումը, ցավոք սրտի, գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է՝ որպես անկյունաքար: Ղարաբաղի հարցի լուծմամբ են պայմանավորվում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հարաբերությունները: Ասել է թե՝ տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում և այլն: Փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց: Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ՝ հարցի լուծումը: Հստակ ասվում է՝ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա, և ՀՀ-ի առաջ կբացվեն բլոկադայի, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է:
Մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի: Նույն կարգով նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի, և մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան: Ղարաբաղի հարցում, թերևս, այսքանը:
Այսինքն, դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն չկա: Մենք համաձայնություն տվել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկության շրջանակներում՝ վերսկսել բանակցությունները, նախագահ Քոչարյանի և նախագահ Ալիևի միջև բանակցություններն ընթանում են: Զուգահեռ բանակցություններն ընթանում են նաև Արտաքին գործերի նախարարների միջև: Տեսնենք, թե դեպի ուր մեզ կհասցնեն այդ բանակցությունները: Նորից եմ կրկնում՝ նախագահի մոտ համոզմունքը նույնն է, ինձ մոտ համոզմունքը նույնն է, որ մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա: Փոխզիջման համաձայն ենք»,- նշել էր Վազգեն Սարգսյանը:
Երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու իր բաժին «ղալաթ եմ արելը»
Ու նորից բանակի մասին. ինչ էր գրում լրագրող Փաշինյանը և ինչ է հայտարարում վարչապետ Փաշինյանը:
Հունվարի 10-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո բանակում բարեփոխումներ չեն արվել: Այստեղ իր տրամաբանությամբ փորձել է «մերժել Սերժ Սարգսյանին» և «գովաբանել» Վազգեն Սարգսյանին, մինչդեռ բավական էր նայել պաշտոնական ժամանակագրությունը, թե մինչև 1999-ը ով և ինչ ժամկետով է եղել պաշտպանության նախարար:
Երկրորդ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է «Օրագրի» լրագրող Նիկոլ Փաշինյանի հոդվածները բանակի և Վազգեն Սարգսյանի մասին: Գուցե՞: Հիշեցնենք:
«Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ հոդվածում Փաշինյանը խոսում է բանակում սպանությունների մասին, իսկ «Կտոր մը կամուֆլյաժ» կամ «Իսկ դու ղալաթ արե՞լ ես» հոդվածում էլ, մասնավորապես, գրում էր.
«…Վազգեն Սարգսյանին մեղադրելու են երեխաների, 18 տարեկան երեխաների սպանության համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության: Ու դեռ հարց է, կհասցնի՞ արդյոք մեր սուպերնախարարը ԱԺ պատգամավոր դառնալ, կհասցնե՞ն քննարկել նրա մեղավորության հարցը, կհասցնի՞ Վազգեն Սարգսյանն արտասանել իր բաժին «ղալաթ եմ արելը»: Սրանք հարցեր են, իսկ «Հայլուրը» վրեժ է ուզում, արյուն: Թշվառ ու անտեր հայրենիքում, հեշտ է սուպերնախարար լինելը: Բայց թշվառ ու անտեր հայրենիքին երբեմն պետք են սուպերնախարարներ: Այնպիսիք, որ ««ղալաթ եմ արելը» արտասանում են ոչ թե որպես խոստովանություն, այլ վճիռ»:
\
Հետաքրքիր է ի՞նչ կգրեր լրագրող Փաշինյանը վարչապետ Փաշինյանի մասին, որի իշխանության օրոք 2020 թվականի 44-օրյա պատերազմում մոտ 5000 զոհ ենք ունեցել, 2022-ի սեպտեմբերին 2 օրում ավելի քան 200 զոհ, ավելի քան 200 գերի և անհետ կորած: Ընդ որում՝ այս ավելի քան 4 տարվա ընթացքում քիչ չեն եղել բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը (ինքնասպանություն, սպանություն):
Վազգեն Սարգսյանին միայն վերջերս հիշող Փաշինյանն արդյո՞ք հիշում է նաև, որ «այդ մեկ մարդը դու ես» արտահայտությունը, կրկին Վազգեն Սարգսյանն ասել է, դեռ 1993-ին զորքի առաջ, երբ կրկին որոշվում էր հայրենիքի ճակատագիրը և խոսքի իմաստն այն էր, որ անտարբերությունը դավաճանությունից վատ է, և հայրենիքի ճակատագիրը կախված է յուրաքանչյուրից: