ՀԱՊԿ-ն կարող է հուսախաբ անել, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չէ:
Լրագրողներից մեկն ի պատասխան այս հայտարարության՝ հիշեցրել է թուրք-ադրբեջանական զորավարժության մասին, ինչը Հայաստանի համար սպառնալիք է, այնուհետ հարցրել՝ ինչո՞ւ նպատակահարմար չէր ՀԱՊԿ զորավարժության անցկացումը, և արդյո՞ք դա հիմք չի տալիս պնդելու, որ գործող իշխանությունները վախվորած կամ խաղաղություն մուրալու քաղաքականություն են վարում:
Նիկոլ Փաշինյանը նախ արձագանքել է, թե ՀԱՊԿ-ն կգար, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք կստեղծեր և կգնար:
«Պատկերացրի՞ք այդ իրավիճակը: Հենց այդ պատճառով: Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որից հետո մեր հարաբերությունները խորը և ինստիտուցիոնալ կառուցենք: Երբ որ ՀԱՊԿ-ն չի ասում, թե որն է իր պատասխանատվության գոտին, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է: Այսինքն, ՀԱՊԿ-ն չի ասում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը: Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մենք մինչև դա չիմանանք, կլինենք այդ իրավիճակում, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասած թուրք-ադրբեջանական տանդեմի համար 2 օր, իսկ 3-րդ օրը հանգստացեք, 4-րդ օրը գնացեք ձեր գործերին, իսկ մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիպման»,- շարունակել է Փաշինյանը՝ մեջբերելով Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ վախենում եմ ոչնչից չվախեցողներից:
«Մենք մաքսիմալ պատասխանատու պետք է գործենք։ Կան սպառնալիքներ, կան հնարավորություններ, և մենք պետք է այդ ամենի հետ հարաբերվենք։ Ինչ վերաբերում է խաղաղություն մուրալուն՝ ես ձեզ հետ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ունենալ։ Խաղաղություն հնարավոր է ունենալ այդ խաղաղությունը վաստակելով։ Կա խոսույթ, որ խաղաղություն հնարավոր է ունենալ՝ պարտադրելով խաղաղություն։ Մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ չի ստացվում։ Բայց այն, որ խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է։ Միանշանակ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ստանալ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, թե քաղաքական գնահատականի հարց է:
Նրա խոսքով, խաղաղության կարելի է հասնել դիտանկյունները որոշակիորեն փոխելով, իրադրությունները և իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը, տեսանելիությունը և նշանակությունը մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով և, իհարկե, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով։
«Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե մենք ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել։ Եվ զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ։ Այս է խաղաղության բանաձևը։ Եվ միջազգային հանրության այն ռեսուրսները, որոնք մեզ կարող են օգնել այս հարցում, այդ ռեսուրսները պետք է անպայման օգտագործել»,- ասել է Փաշինյանը:
Հակադարձմանը՝ փաստորեն ՀԱՊԿ-ի վրա հույս չեք դնում, բայց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եք, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան։ Եթե չենք հավատում, ինչո՞ւ ենք բանակցում, ձև ե՞նք անում։ Ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»,- եզրափակել է Փաշինյանը։