Ո՞ր հիվանդությունների դեպքում են Հայաստանից գնում Եվրոպա՝ բուժվելու

«Արյունաբանական հիվանդություններից հիմնականում ոսկրածուծի հետ կապված խնդիրների դեպքում են հիվանդները դիմում՝ արտերկրում բուժվելու համար, մասնավորապես, արյան քաղցկեղի: Ոսկրածուծի փոխպատվաստման տարբեր տեսակներ կան. աուտոլոգ փոխպատվաստումը Հայաստանում իրականացվում է, այսինքն՝ երբ հիվանդից իրենց են փոխպատվաստում: Իսկ ալոգեն փոխպատվաստում, այսինքն՝ այլ դոնորից ռեցիպիենտին փոխպատվաստում, ցավոք, դեռևս Հայաստանում չի իրականացվում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Գերմանիայում մասնագիտական գործունեությունը ծավալող բժիշկ-արյունաբան Տարոն Սարիբեկյանը:

Նա նշեց, որ կան նաև ռևմատոլոգիական հիվանդություններ, որոնց դեպքում ևս հիվանդները փորձում են արտերկրում բուժվել, թեպետ Հայաստանում այդ հիվանդություններով զբաղվող մասնագետներ կան:

«Արտերկրում բուժում ստանալու ընթացակարգը բարդացել է, հատկապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ Եվրոպայում շատ փախստականներ կան: Արտերկրում բուժվելու համար պետք է դիմել տվյալ երկրի համապատասխան մի հիվանդանոցի, որտեղ զբաղվում են այդ խնդրով, կոնսուլտացիայի համար գումար վճարել: Բժիշկները կոնսուլտացիա են անցկացնում, համապատասխան ախտորոշում են տալիս, եթե բոլոր անհրաժեշտ հետազոտություններն արդեն իսկ արվել է, առաջարկում են բուժման իրենց տարբերակը, նշում են գումարը, և եթե պացիենտը դրա հետ համաձայն է, այդ դեպքում արդեն այնտեղից հրավեր է կազմակերպվում: Այնուհետև պացիենտները պետք է դիմեն դեսպանատուն և համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում ստանան թույլտվություն: Մեկ այլ տարբերակ էլ կա, որին հիվանդները շատ են դիմում, երբ չունեն հնարավորություն, բայց դա անլեգալ է. նրանք ուղղակի ինչ-որ կերպ հասնում են Եվրոպա, հանձնվում են՝ որպես փախստական, այդ դեպքում պետությունն ամբողջ ծախսերն իր վրա է վերցնում»,- նշեց բժիշկը:

Հաղորդման ընթացքում զրուցեցինք նաև արյան տարբեր հիվանդություններից: Մասնավորապես սակավարյունության կամ անեմիայի մասին բժիշկը նշեց, որ դա հեմոգլոբինի քիչ քանակությունն է, որը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ:

Կարդացեք նաև

«Օրինակ՝ օրգանիզմի բոլոր տափակ ոսկրերը արտադրում են արյան բջիջներ, և երբ ինչ-ինչ պատճառներով ոսկրածուծը դադարում է արտադրել տվյալ բջիջները, սակավարյունության այդ տեսակը կոչվում է ապլաստիկ, այսինքն՝ տվյալ բջիջները չեն սինթեզվում, հեմոգլոբինի քանակը ցածր է: Մեկ այլ դեպքում բջիջները նորմալ արտադրվում են ոսկրածուծում, սակայն, ինչ-ինչ պատճառներով, քայքայման են ենթարկվում. այս դեպքում խոսքը հեմոլիզի մասին է, այսինքն՝ այսպես ասած՝ արյան կարմիր գնդիկները ենթարկվում են քայքայման: Դա կարող է լինել դեղորայքի, որոշ վիրուսների հետևանքով: Սա արյունը քայքայող սակավարյունություն է: Հեմոգլոբինի սինթեզի համար կան մի շարք նյութեր, օրինակ՝ երկաթը, որի պակասի հետևանքով առաջանում է երկաթդեֆիցիտային սակավարյունություն: Իհարկե, կան նաև շատ այլ նյութեր, օրինակ՝ ֆոլաթթու, վիտամին B 12,  որոնք նույնպես հեմոգլոբինի սինթեզի գործում շատ մեծ նշանակություն ունեն, և դրանց պակասի հետևանքով կարող է առաջանալ, համապատասխանաբար, տվյալ սակավարյունությունը: Սակավարյունությունների մեկ այլ կարևոր տեսակ է արյունահոսական սակավարյունությունը, երբ ինչ-ինչ պատճառներով տեղի է ունենում արյունահոսություն»,- ընդգծեց նա:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս մարդիկ իմանան, որ իրենց մոտ կա սակավարյունություն:

«Մեր մաշկի թեթև վարդագույնը պայմանավորված է հենց կարմիր արյան ձևավոր տարրերով, և երբ դրանց քանակը նվազում է, համապատասխանաբար, մաշկի գույնը ավելի բաց է դառնում, հիվանդները դառնում են ավելի գունատ, ավելի թույլ: Հիվանդները, ովքեր նկատում են, որ իրենք թույլ են, ավելի հաճախ են քնում՝ էներգիան խնայելու համար, այդ դեպքում անպայման պետք է մտածել, որ կարող են ունենալ սակավարյունություն: Սրտխփոցը ևս կարող է լինել սակավարյունության նշան, քանի որ սիրտը փորձում է եղած արյունը շատ ավելի արագ մղել, որպեսզի օրգաններին թթվածին մատակարարի: Արյան ճնշման անկումը կարող է սակավարյունության նշան լինել: Հանրությանն ուզում եմ խնդրանքով դիմել՝ երբ նկատում եք, որ ավելի գունատ եք, հոգնած եք, ավելի շատ եք քնում, կա եղունգների կոտրտվածություն, նման դեպքերում պետք է անպայման դիմել մասնագետի, որպեսզի կատարվեն հետազոտություններ»,- ասած նա՝ ընդգծելով, որ հետազոտման պարզագույն մեթոդներից է արյան ընդհանուր հետազոտությունը, որով անմիջապես երևում է՝ հեմոգլոբինի պակաս կա՞, թե՞ ոչ, որին արդեն հետևում են այլ հետազոտություններ:

«Օրինակ՝ բուսակերների մոտ շատ հաճախ է հանդիպում երկաթդեֆիցիտային անեմիան, քանի որ երկաթը հիմնականում պարունակվում է մսի մեջ: Բոլոր տեսակի սննդատեսակները պետք է չափավոր օգտագործել»,- նկատեց նա:

Նա նշեց, որ արյան քաղցկեղը նույնպես առաջացնում է սակավարյունություն. «Արյան քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես արդեն նշեցի, հիվանդների մեծ մասը փորձում է արտերկրում բուժվել, որովհետև կա քիչ վստահություն նաև դեղորայքի նկատմամբ: Հայաստանում, բնականաբար, շատ դեղեր չեն արտադրվում, ներկրվում են տարբեր երկրներից, և, ցավոք, կան նաև անհայտ ծագման դեղեր: Նաև մեծ խնդիր է, որ պետության կողմից որոշակի քիմիոպրեպարատներ ընդհանրապես գրանցված չեն: Այսինքն՝ քիմիոթերապիա է անցկացվում՝ չգրանցված դեղերով»:

Բժիշկն անդրադարձավ նաև արյան մակարդելիության խնդիրներին. «Դրանք կարող են լինել ինչպես գենետիկ անոմալիաներ, երբ արյան մակարդելիության գործոնները բացակայում են, և այդ դեպքում ունենում ենք արյունահոսություններ: Դրանց ախտորոշումը այսօրվա բժշկության մեջ ունեցած տվյալներով բավականին հեշտ է: Եթե հիվանդի մոտ առկա են արյունահոսության խնդիրներ, հեշտությամբ կարելի է տալ տվյալ մակարդման գործոնը և դրանով արդեն կոմպենսացնել: Այլ է պատկերը հակառակ դեպքում, երբ հիվանդների մոտ առաջանում են թրոմբներ, որոնք կարող են հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, ուղեղում ինսուլտի: Հասարակ սրտխփոցը հիվանդի մոտ կարող է ազդակ հանդիսանալ, որ իր մոտ կա սրտի ռիթմի խանգարում, որի ժամանակ սիրտը անկանոն է կծկվում, ինչը թրոմբի զարգացման մեծ ռիսկ է ստեղծում: Այդ թրոմբը կարող է հայտնվել սրտի անոթներում՝ առաջացնելով ինֆարկտ, կամ բարձրանալ գլուխ՝ առաջացնելով ինսուլտ: Տեսականորեն, այդ թրոմբը կարող է խցանել ցանկացած օրգանի անոթ և առաջացնել տվյալ օրգանի ինֆարկտ, որը շատ վտանգավոր կարող է լինել: Հենց այդ պատճառով, երբ հասարակ գանգատների դեպքում հիվանդները դիմում են բժշկի և ախտորոշվում են, օրինակ, սրտի ռիթմի խանգարումներ, մենք նշանակում ենք հակակոագուլյանտներ, այսինքն՝ արյունը ջրիկացնող պրեպարատներ, որոնք կանխարգելում են թրոմբների առաջացումը»:

Հարցին՝ արյունը ջրիկացնող պրեպարատների կիրառումը Հայաստանում բավականին տարածված է կորոնավիրուսի ժամանակ, դրանց էֆեկտիվությունն այդ առումով ապացուցվա՞ծ է, որովհետև Հայաստանում մասսայական մարդիկ ընդունում էին դրանք, նա պատասխանեց. «Հետազոտություններ չկան, որոնք հստակ նշում են, որ կորոնավիրուսի ժամանակ պետք է ընդունել հակամակարդիչներ: Այլ է վիճակը, երբ հիվանդներն անկողնային են: Մենք բոլոր հիվանդներին, անկախ նրանից՝ նրանք ունեն կորոնավիրուս, թե այլ հիվանդություն, եթե իրենք անկողնում պառկած են և չեն շարժվում, իրենց պրոֆիլակտիկ տալիս ենք հակամակարդիչ, որպեսզի թրոմբներ չառաջանան: Նստած ապրելակերպը, անկողնում գամված վիճակը ռիսկի գործոն են՝ թրոմբների առաջացման համար: Իսկ մոբիլ, շարժվող հիվանդներին, որոնք ունեն կորոնավիրուս, հակամակարդիչներ ցուցված չեն: Նորից եմ նշում՝ Գերմանիայում մենք հակամակարդիչներ նշանակում էինք միայն այն հիվանդներին, որոնք ռիսկի խմբում են: Բայց միայն կորոնավիրուս ունեցող պացիենտները, ովքեր մոբիլ էին, բայց, օրինակ՝ թոքաբորբի պատճառով էին հոսպիտալացվել, մենք իրենց հակամակարդիչներ չենք տվել»:

Հետաքրքրվեցինք՝ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին շատ քննարկվեց, որ կորոնավիրուսը միֆ էր, որ միանգամից այն վերացավ, ի վերջո, կա՞ կորոնավիրուս, թե՞ ոչ:

«Ինչպես գիտեք՝ ԱՀԿ-ն դեռ չի հայտարարել պանդեմիայի ավարտ, արվում են ակտիվ ստուգումներ, իսկ երբ ստուգում եք՝ նաև հայտնաբերում ենք, և, ցավոք, դեռ տատանումներ կան: Գերմանիայում մենք մինչև հիմա տրանսպորտում կրում ենք դիմակ: Հայաստանում արդեն իսկ զգացվում է, որ կորոնավիրուսի մասին գրեթե մոռացել են: Հիվանդներ շատ քիչ ենք ունենում: Գերմանիայում բոլոր հիվանդներին թեստավորում ենք, այսինքն՝ ցանկացած հիվանդության դեպքում, երբ հիվանդը դիմում է մեր հիվանդանոց, մեզ մոտ արվում է կորոնավիրուսի թեստ: Շատ հաճախ այդ հիվանդների մոտ հայտնաբերում ենք կորոնավիրուս, բայց իրենք չունեն որևէ սիմպտոմ: Այսինքն՝ մեկ այլ խնդրի պատճառով դիմում են բժշկի, ենթադրենք՝ ոտքը կոտրվել է, և հիվանդը բերվում է հիվանդանոց, անում ենք կորոնավիրուսի թեստավորում: Բայց պետք է նշեմ, որ կորոնավիրուսի նոր շտամերը շատ ավելի քիչ ախտածին են, քան նախկինները: Գերմանիայում բնակչության 75 տոկոսն է պատվաստված այս պահին, մենք հոսպիտալացնում ենք՝ ինչպես պատվաստված, այնպես էլ՝ չպատվաստված հիվանդների, և վերջին շտամերը շատ ավելի քիչ ախտածին են, և հիվանդները արագ են ոտքի կանգնում: Պատվաստումը, ցավոք, 100 տոկոսանոց երաշխիք չէ, որ տվյալ անձը չի հիվանդանա»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ եթե պատվաստված և չպատվաստված հիվանդը նույն կերպ են տանում կորոնավիրուսը, մարդիկ կասեն՝ էլ ինչո՞ւ պատվաստենք, նա արձագանքեց. «Ես շատ չեզոք կարծիք կհայտնեմ և ուղղակի կնշեմ, որ կարդացել եմ Եվրոպայում և ԱՄՆ-ում կատարված բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են, որ այն հիվանդները, ովքեր պատվաստված են, իրենց մոտ շատ ավելի թեթև է ընթանում այն հիվանդների համեմատ, որոնք պատվաստված չեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս