Պետք է Արցախի ԱԳ նախարարի համար բարձրաստիճան հանդիպումներ կազմակերպվեն դրսում. Վահե Հակոբյան
«Առաջարկում եմ ժամանակ չկորցնելու առումով էլ չհետևենք, չքննարկենք, չվերլուծենք գործող իշխանությունների այն գործողությունները, որոնք ուղղված են Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակին, քանի որ արդեն ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, որ իրենք որևէ գործ չունեն Արցախի հետ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական այս բախումների մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փորձում են տանել իրենց փոքր խաղիկներն անգամ այս պարագայում:
«Փոխարենը՝ եկեք հասկանանք՝ մենք ինչ հնարավորություններ ունենք ինչ-որ բան անելու, և ովքեր են դրա գլխավոր դերակատարները: Անկասկած, առաջին և ամենակարևոր դերակատարն Արցախն է: Արցախի նորանշանակ ԱԳ նախարարն այսօր գտնվում է Երևանում, և մենք բոլորս՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ կոնսոլիդացիան, մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղենք Արցախի ԱԴ նախարարին հնարավորություն տալուն ու երկրից դուրս նրա բարձրաստիճան հանդիպումները կազմակերպելուն, որոնց ընթացքում պետք է քննարկման դրվի «Անջատում հանուն փրկության» բանաձևը, այսինքն՝ Արցախի ճանաչման հարցը պետք է դարձնել օրակարգային թիվ մեկ հարցը»,- ասաց Վահե Հակոբյանը:
Ըստ նրա՝ մեծ ջանքեր պիտի կիրառել միջազգային մեդիա դաշտում, շատ կարևոր է նաև Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: