Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Արցախի ներկայացուցիչներին Ադրբեջանը չի կալանավորի ու տեղափոխի ադրբեջանական բանտեր` խոշտանգումների բացահայտ հեռանկարով. Արման Թաթոյան
«Այսօր առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի այդ բոլոր թեմաների մասին… Եվ մեր դիրքորոշումը միշտ դա է եղել: Եվ մենք կարծում ենք, որ հաջորդ պրոբլեմներից մեկը, որը էական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, որ մենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացներից դրել ենք մի կողմ, ասել ենք՝ մենք կորոշենք իրենց փոխարեն: Ոչ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն: Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, մենք էլ իրենց պետք է աջակցենք»,- հունվարի 10-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ Արցախի Հանրապետությունից իր ձեռքերը լվանալու մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ, մենք չենք կարող իրենց փոխարեն որոշել» հայտարարությունն անում է մեկը, ով Արցախի ժողովրդի ու նրա ներկայացուցիչների փոխարեն կապիտուլյացիա ստորագրեց, ով Արցախի ժողովրդի ու նրա ներկայացուցիչների փոխարեն իր ստորագրությամբ հանձնեց Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը՝ արցախցիներին թողնելով Բերձորի ճանապարհի հույսին, որն արդեն փակ է 32 օր, ով Արցախի ժողովրդի ու նրա ներկայացուցիչների փոխարեն գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ Արցախն ու Հայաստանը ներքաշելով կործանարար պատերազմի մեջ, ով Արցախի ժողովրդի ու նրա ներկայացուցիչների փոխարեն Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետն է ստորագրել, իսկ հիմա հրաժարվել դրա կատարման երաշխավորը լինելուց:
«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, ու չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի ու Ստեփանակերտի միջև քաղաքական ու պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը, չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը»,- արդեն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության պնդելով իր այն դիրքորոշումը, թե Արցախի ներկայացուցիչներն Ադրբեջանի հետ պետք է ուղիղ երկխոսեն:
Արցախի ներկայացուցիչներն իրենց հերթին բազմիցս նշել են՝ Ադրբեջանի հետ առանց միջազգային միջնորդների չեն շփվելու:
Այսօր էլ Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ Արցախ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասաց, որ պատրաստ են խոսել Ադրբեջանի հետ, բայց՝ ոչ հանձնվելու մասին:
Իսկ ավելի վաղ՝ մինչ ճանապարհի փակումը, Ռուբեն Վարդանյանն ասել էր. «Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի Սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է»:
Ալիևը, սակայն, հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ, սակայն ոչ Ռուբեն Վարդանյանի հետ։
«Մենք Ղարաբաղում բնակվող հայերի հետ պատրաստ ենք խոսել, սակայն ո՛չ Մոսկվայի ուղարկած, գրպանում ռուս ժողովորդից գողացված միլիարդներ ունեցող Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց հետ: Նա Մոսկվայից այնտեղ է ուղարկվել շատ հստակ օրակարգով»,- նշել էր նա:
Այսինքն՝ ակնհայտորեն Ալիևը հրաժարվում է խոսել Ռուբեն Վարդանյանի հետ: Սա՝ հատուկ Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև պետնախարար Ռուբեն Վարդանյանը Արցախի ժողովրդի ներկայացուցիչն է:
Մեկ այլ ներկայացուցիչ է նախագահ Արայիկ Հարությունյանը, որի նկատմամբ Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսել ձերբակալության ու կալանավորման որոշմամբ:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ), Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ապահովել Արցախի իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ նրանք մտնեն, այսպես կոչված, ուղիղ քաղաքական երկխոսության մեջ, կամ արդյոք կարելի՞ է երաշխավորել, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ձերբակալի ու կալանավորի նրանց, ասաց՝ առանց անվտանգության հստակ երաշխիքների անմիջականորեն ուղիղ ֆիզիկական ներկայությամբ խոսելն ունի լուրջ վտանգներ:
«Դա պետք է տեղի ունենա միջազգային կոնկրետ միջնորդությամբ կամ երաշխավորությամբ: Ի՞նչ է նշանակում քաղաքական երկխոսություն: Եթե դա ենթադրում է անմիջականորեն ուղիղ ֆիզիկական շփում, ապա լուրջ վտանգներ է պարունակում: Ինչպե՞ս են այդ երկխոսությունը պատկերացնում ՀՀ կառավարությունում… Պետք է նստեն, համացանցով գրագրությո՞ւն անեն կամ զումո՞վ հարցեր քննարկեն: Պետք է, չէ՞, նստեն դեմ դիմաց ու խոսեն, բանակցեն: Ենթադրվում է, որ պետք է լինի ֆիզիկական ուղիղ կոնտակտ, իսկ այդ դեպքում որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Արցախի ներկայացուցիչներին Ադրբեջանը չի ձերբակալի կամ չի կալանավորի ու տեղափոխի ադրբեջանական բանտեր` խոշտանգումների բացահայտ հեռանկարով»,- ասաց Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանական իշխանություններն առանց այդ էլ մերժում են որևէ երկխոսություն Արցախի պաշտոնյաների հետ` առաջնային հղում անելով նրանց դեմ հարուցված քրեական հետապնդումներին, ձերբակալման որոշումներին ու նրանց անվանելով հանցագործներ, սեպարատիստներ:
«Միջազգային երաշխիքներն էլ պետք է լինեն հստակ ու ամուր, որպեսզի հնարավոր լինի մտածել նման շփումների մասին` այն էլ դրանք պետք է լինեն միջազգային երաշխավորված միջնորդությամբ: Նախապես պետք է լինեն քննարկված ու Արցախի համար կանխատեսելի պայմանավորվածություններ՝ փաստաթղթային ամրագրմամբ. օրինակ, թե ինչ հարցեր են քննարկվելու, կամ, որ Արցախի ներկայացուցիչների նկատմամբ Ադրբեջանում հարուցված, այսպես կոչված, քրեական հետապնդումները, ձերբակալման որոշումները չեն գործելու: Որևէ միջազգային միջնորդ կամ սուբյեկտ պետք է հստակ երաշխավորի, որ Արցախի ներկայացուցիչները չեն կարող ձերբակալվել: Ադրբեջանը կարող է չհամաձայնել, բայց պետք է հասնել դրան: Արցախի սուբյեկտայնությունը, անշուշտ, ամենից կարևորն է և անհրաժեշտը, բայց պետք են ամուր միջազգային երաշխիքներ ստեղծված պայմաններում»,- ասաց Արման Թաթոյանը: