Հայաստանի սպառնալիքը Փաշինյանն է, իսկ եթե իշխանության մնար Սերժ Սարգսյանը, ապա պատերազմ և 5000 զոհ չէինք ունենա. Արմեն Մանվելյան
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ասուլիսների օրվա ընտրության համընկնումը պատահական չէր. պատահական չէր, երբ հունվարի 10-ին մի կողմից՝ Ալիևը սպառնաց Հայաստանին, մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողանում ապահովել իր անվտանգությունը, ինչը փաստում է՝ գործ ունենք հերթական կապիտուլյացիայի գնացող իշխանության հետ. իշխանության, որը հրաժարվել է իր Կառավարության ծրագրով ամրագրված այն թեզից, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։
Անդրադառնաով Նիկոլ Փաշինյանի ասուլիսի գլխավոր ուղերձներին՝ 168 TV-ի եթերում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ շարունակելով.
«Փաշինյանի իշխանությունը համակերպվել է այն ստորացված վիճակին, որն իրենք են բերել՝ իրենց վարած քաղաքականությամբ. որևէ բան պատահական չի եղել և չի լինում. օրինակ՝ պատահական չէ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը. չէ՞ որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը դեմ էր Բաքուն և Անկարան. Փաշինյանն էլ արել է այն, ինչն իրեն այդ երկրներից հուշել են»,- ասաց Մանվելյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի իշխանության գինը նաև հակառուսականությունն է. վկան՝ իշխանության գալուց անմիջապես հետո նախ՝ ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը, երեկ էլ՝ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք համարելը։
«Փաշինյանը, իհարկե, միանգամից չկարողացավ հրաժարվել ռուսական ազդեցությունից՝ էներգակիրներից, և Հայաստանը շարունակում է գազ ներմուծել ամենաէժան գներով, բայց Փաշինյանի վարած քաղաքականությունը հիմա կարող է բերել նրան, որ Ռուսաստանն իսկապես իր զորքը կարող է հետ քաշել, ինչպիսի դեպքեր պատմության մեջ եղել են, ինչից հետո թուրքական զորքն է մտել Հայաստան ու կանգնել միայն Սարդարապատում»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Նրա փոխանցմամբ՝ աներկբա է մի բան՝ Փաշինյանի քաղաքականությունն անընդհատ զիջելու և տարածքների հանձնման մասին է, ուստի պնդում է՝ 44 օրյա պատերազմի պարտության պատճառը Փաշինյանն է՝ իր սխալներով, հետևապես՝ միայն Փաշինյանի ռեժիմի հեռացմամբ է հնարավոր կանխել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած վտանգները։
«Հավատացե՛ք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե իշխանության մնար Սերժ Սարգսյանը, մենք 44-օրյա պատերազմ չէինք ունենա, որովհետև նախկին իշխանությունը հասկանում էր, թե ինչ է քաղաքականությունը, գիտեր՝ որտեղ կարելի է զիջել, որտեղ՝ ոչ։ Պետք է հստակ արձանագրել՝ պատերազմ հնարավոր էր միայն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի օրոք, մենք 5000 զոհ չէինք ունենա, եթե լիներ նախկին իշխանությունը, իսկ այսօր Հայաստանի ամենամեծ վտանգը նստած է ոչ թե Բաքվում, այլ Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեժիմը հայ ժողովրդի գոյության թիվ մեկ վտանգն է, մենք ապահով լինել չենք կարող, քանի դեռ իրենք են, որովհետև իրենք սպառնալիք ստեղծելով են պահում իրենց իշխանությունը։ Փաշինյանը հայտարարում է, որ իր ամբողջ քաղաքական կուրսը ձախողված է, որի համար մեղավոր են բոլորը, բացի իրենից, մինչդեռ, եթե Փաշինյանը չի կարողանում կառավարել, պետք է հեռանար, բայց նաև չի հեռանում, որովհետև լուծում է իր և իր ընտանիքի հարցը»,- ասաց Մանվելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում