Փաշինյան–Ալիև երկխոսության գաղտնի կոդերը

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը, իր սովորության համաձայն, բաղկացած էր անհամար հակասություններից ու մանիպուլյատիվ թեզերից։

Դրանք առավելապես վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանը, Նիկոլ Փաշինյանի ստացած բանակցային ժառանգությանը, որը նա ամեն կերպ փորձում է արժեզրկել՝ արդարացնելու համար արցախյան 44-օրյա պատերազմում կրած ողբերգական պարտությունն ու ձերբազատվել դրանում ունեցած սեփական մեղավորությունից։

Ինչպես վերջին ասուլիսում, այնպես էլ ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի հիմնական թեզն այն է, որ արցախյան պատերազմն անխուսափելի էր, որ ամբողջ աշխարհը Արցախը ճանաչում էր որպես Ադրբեջանի մաս, և, որ հնարավոր չէր հաղթահարել դա՝ ինչպես ինքն էր ասում, դեմ գնալով ողջ միջազգային հանրությանը։

Բայց իրականությունը, իհարկե, միանգամայն այլ է և ջախջախում է Նիկոլ Փաշինյանի ինքնարդարացնող թեզերը հենց միայն առաջին իսկ համադրությունից։ Եթե աշխարհի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում անվերապահորեն ճանաչելու փաշինյանական պնդումն իրական լիներ, ապա կստացվեր, որ շուրջ 30 տարի նույն միջազգային հանրության ամենաբարձր մակարդակով՝ ՄԱԿ-ի մանդատով գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ուղղակի իմաստ չուներ, այն դեպքում, երբ վերջինս զբաղվում էր հենց Արցախի կարգավիճակի խնդրով։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի թեզերի ու իրականության տարբերությունները, իհարկե, բազմաթիվ են։

Բայց խնդիրն անգամ առանձին թեզերի քննությունը չէ, այլ այն ընդհանուր նպատակադրումը, իր խոսքերով ասած, այն խորքը, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարացնել սեփական մեղավորությունը։

Լայն իմաստով, հանդես գալով պատերազմի անխուսափելիության ելակետից, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել, թե քանի որ իրադարձությունների այդ ընթացքն անկասելի էր, ինքը՝ որպես երկրի ղեկավար, փորձել է և հասել առավելագույն հնարավոր արդյունքին կամ նվազագույն կորուստներին։

Բայց հենց այդտեղ է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ խաբեությունը։

Նա փորձում է հանրությանը համոզել, թե ով էլ լիներ իր փոխարեն, ստացվելու էր նույն ողբերգական ելքը։

Մինչդեռ իրականությունն այն է, որ արցախյան հարցում Նիկոլ Փաշինյանի ստացած ժառանգությունը, դրա հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման խելամիտ քաղաքականության կառուցումը կարող էր ապահովել եթե ոչ՝ առավելագույն արդյունք, ապա առնվազն՝ նվազագույն կորուստներով ելք։

Առաջին  հերթին առանց այն հազարավոր զոհերի, որոնք նահատակվեցին Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության, «սեփական կետից սկսելու» պատճառով, բայց նաև պահպանելով ռազմավարական նշանակության տարածքներ ու եթե ոչ՝ վերջնական, ապա՝ առնվազն միջանկյալ կարգավիճակ։

Ընդ որում, այնպես չէ, որ այդ հնարավորությունը բխում էր հայկական առավելապաշտությունից կամ անիրատեսականությունից, ու այդ հարցում Հայաստանը դաշնակիցներ չուներ, ինչպես փորձում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։

Ճիշտ հակառակը, այդ մոտեցումը գործնականում հավանության էր արժանանում միջազգային հանրության, առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։

Այդ մասին ամենաուղիղ տեքստով երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը, որն ասուլիս էր տալիս Նիկոլ Փաշինյանի հետ նույն ժամերին։

«Հայաստանը նախկինում հրաժարվել է քննարկել Լաչինի (Քաշաթաղի) ու Քարվաճառի վերադարձի հարցը։ Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահներն էլ էին նույն կարծիքին ու մտածում էին, որ այդ շրջանները պետք է մնային Հայաստանին»,- ասել է Ալիևը։
Սա, իհարկե, առաջին հայտարարությունը կամ բացահայտումը չէ, որ ապացուցում է Նիկոլ Փաշինյանի ստացած բանակցային ժառանգության հայանպաստ հնարավորությունները, այդպիսիք հնչել են նաև նախկինում, ինչպես նույն Ալիևի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի առնվազն պաշտոնաթող համանախագահների կողմից։

Դրանք գալիս են ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը՝ սեփական անձը փրկելու էժանագին մղումներով, արժեզրկում է տասնամյակների այն ինստիտուցիոնալ աշխատանքը, որի արդյունավետ շարունակությունը կարող էր ապահովել արցախյան հիմնախնդրի հայանպաստ ու պակաս կորստաբեր լուծում։

Նա ամբողջությամբ տապալել է այդ ժառանգությունը՝ ներքաղաքական պայքարում հաղթելով դրա կրողներին, իսկ արդեն պատերազմում պարտվելով Ալիևին, ով պատրաստ էր ամեն ինչ տալ՝ միայն թե Հայաստանը հրաժարվեր այդ ժառանգությունից։

Նաև այդ մասին էր Փաշինյան-Ալիև երեկվա ասուլիսային հեռակա երկխոսությունը, որի թաքնված կոդերը երբևէ գաղտնազերծվելու են՝ այն պատժի շրջանակներում, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր վախվորած ծիծաղով։

Տեսանյութեր

Լրահոս