Մարդու կրթության իրավունքի այս ակնհայտ խախտումը կարող է միջազգային ասպարեզում դառնալ մի կռվան՝ շրջափակումը վերացնելու համար. կրթության փորձագետ

31 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը:

Թշնամու այս սադրանքի հետևանքով արցախցի շատ աշակերտներ և ուսանողներ զրկվել են կրթություն ստանալու իրավունքից:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ հարցն անընդհատ պետք է բարձրացնել՝ հատկապես միջազգային ասպարեզում:

«Շատ հրատապ հարց է, և այն կարող էր միջազգային ասպարեզում դառնալ մի կռվան՝ շրջափակումը վերացնելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ևս ՄԱԿ-ի կառույց է, պատասխանատու է նաև կրթության համար, ծրագրեր են իրականացնում այս բնագավառում, և մարդու կրթության իրավունքի այս ակնհայտ խախտումն ուղղակի չպետք է որևէ մեկի աչքից վրիպի: Հարցը, իսկապես, պետք է բարձրացնել»,- նշեց կրթության փորձագետը:

Կարդացեք նաև

Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախի Հանրապետությունից հայտագրված 50 դիմորդ չի կարող մասնակցել Հայաստանում հունվար-փետրվարին կազմակերպվող 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին։

«Նրանք, ովքեր ցանկություն ունեին մասնակցել Հայաստանում անցկացվող հունվարյան քննություններին, պետք է հայտագրվեին ու քննությունները հանձնեին Գորիսում։ Սակայն թշնամու կողմից ճանապարհի շրջափակման պատճառով այդ դիմորդները հնարավորություն չունեն գալ Գորիս ու հանձնել քննությունները։ Այդ հարցը մեզ ու Արցախի համար մնում է առկախված։ Բնականաբար, խախտվում է երեխայի քննություն հանձնելու իրավունքը նաև այս տարբերակով»,- նշել է ԳԹԿ փոխտնօրենը:

Հավելենք, որ խնդրին դեկտեմբերի 21-ին անդրադարձել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նախարարությունը այս հարցով դիմել է թե՛ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուշադրություն հրավիրի երեխաների հիմնարար իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու հետևանքով: Նա նշել է, որ միջազգային կառույցների հասցեական արձագանքը և քայլերը շատ կարևոր են և կնպաստեն իրավիճակի արագ հանգուցալուծմանը:

Տեսանյութեր

Լրահոս