
«Չեմ կարող ասել, թե ինչ են բանակցում՝ գնահատական չեմ կարող տալ». Մովսես Հակոբյանը՝ հնարավոր ռազմական բախումների մասին

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունը՝ 120 հազար բնակչությամբ գտնվում է հումանիտար աղետի մեջ։ Արդեն 30 օր է՝ Ադրբեջանը փաստացի ահաբեկչական գործողություն է իրականացնում արցախահայերի նկատմամբ։
Դեռևս դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մի շարք երկրներ Ադրբեջանին կոչ արեցին բացել արցախահայերի կյանքի ճանապարհը, ճանապարհ, որի անվտանգությունն ու բնականոն գործունեությունն Ադրբեջանը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Չնայած միջազգային կառույցների հայտարարություններին, Ադրբեջանը՝ որպես բնապահպան ներկայացնելով թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, հենց նրանց միջոցով շարունակում է փակ պահել ճանապարհը։
Որքանո՞վ է մեծ ռազմական բախման ու ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, արդյո՞ք հնարավոր կլինի դիվանագիտական ճանապարհով բացել Բերձորի ճանապարհը։
168.am–ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը վերը նշված մեր հարցերին ի պատասխան՝ հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, քանի որ տեղյակ չէ, թե ինչ է բանակցվում։
«Իրավիճակին չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ինչ են բանակցում, այդ պատճառով էլ գնահատական չեմ կարող տալ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։