Մինչ Արցախը գոյաբանական խնդիր է լուծում, Հայաստանում պաշտոնի համար մարտեր են մղվում առանց կանոնների. Ո՞ւմ կարծիքն է վճռորոշ եղել ՆԳ նախարարի աթոռի համար
Մինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 30 օր փակ է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հովանավորվող էկո-ահաբեկիչների կողմից, և Արցախն այսօր արդեն անցավ պարենի, հացի ու վառելիքի կտրոնային համակարգին, իսկ Նիկոլ Փաշինյանն իր՝ այսօր հրավիրած ասուլիսի ողջ ընթացքում կարմիր թելի պես անց էր կացնում այն գիծը, թե «Արցախը եղունգ ունի, թող իր գլուխը քորի, մենք ոչինչ չենք կարող և չենք ուզում անել», Հայաստանում նոր թափ են ստանում պաշտոնակռիվները, որոնք հաջողությամբ են ավարտվում՝ մեկ, ողբերգությամբ՝ որոշակի մարդկանց համար:
Խոսքը Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ստեղծումից հետո ՆԳ նախարարի սուպեր պաշտոնը զբաղեցնելու մասին է, որի ենթականերն են լինելու ոստիկանության և փրկարար ծառայության պետերը, ԱԻՆ-ի, Միգրացիոն ծառայության ղեկավարները:
Հասկանալի է, որ մղվելու էր և մղվում էր կենաց և մահու պայքար: Եվ թեպետ, ինչպես մամուլն արդեն իսկ գրել էր` ՆԳ նախարարի պաշտոնը խոստացվել էր ոստիկանության պետ, Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացի Վահե Ղազարյանին, որի ղեկավարած իրավապահ կառույցն ամենևին էլ վատ չի կատարում Նիկոլ Փաշինյանին փայփայելու իր գործառույթը և նրա աչքում միավորներ հավաքելու համար անգամ զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին է քարշ տալիս Եռաբլուրի ասֆալտով մեկ, ինչ-որ փուլում նրա դիրքերը սկսեցին սասանվել:
Սորոսական ՀԿ-ները ամեն ինչ անում էին, որ վերջինս չնշանակվի նախարար, և մի պահ անգամ տրամադրությունները շոշափելու համար նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը հրապարակեց, օրինակ, Արթուր Սաքունցի գրառումը, ով ասում էր՝ ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում պետք է նշանակվի քաղաքացիական անձ, ոչ թե ոստիկանության ներկա կամ նախկին ծառայող, հակառակ դեպքում որևէ բարեփոխում, անգամ բովանդակային փոփոխություն ակնկալել չի կարելի։
Վահե Ղազարյանը, ըստ ամենայնի հասկանալով՝ վտանգը որտեղից է գալիս, 168.am-ի տեղեկություններով՝ մտերիմ շրջապատում հարցը կտրուկ է դրել՝ կամ ինքը կնշանակվի ՆԳ նախարար, կամ դիմում կգրի ու համակարգից դուրս կգա առհասարակ:
«Չէ մի, մնում ա՝ մի հատ էլ գլխիս նախարար բերեն»,- ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ասել էր նա:
Ըստ ամենայնի, Վահե Ղազարյանի սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի համար որոշիչ նշանակություն է ունեցել, և վերջինս ըստ էության պատրաստ չի եղել հանուն սորոսականների ցանկության՝ այս բարդ փուլում հրաժեշտ տալ Վահե Ղազարյանին, ում հետ կապված է բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի թելերով:
Վահե Ղազարյանը նշանակվեց նախարար, ինչն էլեկտրաշոկի հարվածի ազդեցություն թողեց նշված ՀԿ-ների վրա:
«Շնորհավորենք ռեֆորմի դիմադրության դրոշակակիրներին
Վահե Ղազարյանին ՆԳ նախարար, Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետ, իսկ Կամո Ցուցուլյանին փրկարար ծառայության պետ նշանակելով Նիկոլ Փաշինյանը տապալեց իր իսկ նախաձեռնած ոստիկանական բարեփոխումները, ապահովեց ձեռք բերված հաջողությունների ետնագլորը և ոստիկանական վատ ավանդույթների էքսպանսիան փրկարար ծառայությունում»,- մասնավորապես այսպես արձագանքեց իրադարձությունների զարգացման այս սցենարին «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ այդ ՀԿ-ները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը դադարեցում են իրենց գործունեությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ու աշխատանքային խմբերում` ստեղծված իրավիճակում այն համարելով անիմաստ:
Ուշագրավ է, որ 168.am-ի տեղեկություններով՝ Վահե Ղազարյանի նշանակման համար մեծ նշանակություն է ունեցել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի կարծիքը, ով ասել է, որ ցանկանում են աշխատել հենց Վահե Ղազարյանի հետ: