
Կարծում ենք՝ գործում է կոռուպցիոն սխեմա, եթե չկա, թող մեզ ապացուցեն. ահազանգում է Չարենցավանի բնակիչը

Երեկ 168.am-ի խմբագրություն էր դիմել Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը՝ ահազանգելով, որ իշխանությունների ներդրած շրջիկ անձնագրայինում կասկածում են կոռուպցիոն սխեմաների գոյության վրա։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Չարենցավանում փակվեց անձնագրայինը։ Փակելուց հետո չարենցավանցիներին ասել են, որ այսուհետև իրենց կսպասարկի շրջիկ անձնագրայինը, որը կշրջի Չարենցավանի տարբեր համայնքներում և կսպասարկի քաղաքացիներին։
Գևորգ Հակոբյանը տեղեկացրեց, որ օրերս շրջիկ անձնագրայինը եկել է Չարենցավան։ Նա և մի քանի քաղաքացիներ, որոնք պայքարում էին, որպեսզի համայնքի անձնագրային վարչությունը չփակվի, փորձել են շրջիկ անձնագրայինի կազմից ճշտել, թե արդյո՞ք այդ շրջիկ մեքենան կարողանում է նորմալ աշխատել, սպասարկել քաղաքացիներին, ե՞րբ է գալիս Չարենցավան, օրինակ, մեկ այցի ընթացքում որքա՞ն բնակչի է կարողանում սպասարկել, և այլն։ Սակայն որևէ հարցի պատասխան այդպես էլ չեն ստացել։
«Երբ աշխատողը մեզ տեսավ, դուռը փակեց մեզ վրա ու մեքենայից դուրս չեկավ, մեր հարցերին չպատասխանեցին։
Մի քանի րոպե հետո մի քաղաքացի թղթերով մտավ մեքենայի մեջ, մի քանի րոպե հետո դուրս եկավ՝ ձեռքին մի քանի անձնագիր, հավանաբար մի 5 անձնագիր։ Մենք կարծում ենք, որ այստեղ գործում է կոռուպցիոն սխեմա, հետամուտ ենք լինելու այս ամենը պարզելու համար։ Եթե չկա կոռուպցիոն սխեմա, թող մեզ ապացուցեն»,- նշեց մեր զրուցակիցը։
40.000 բնակիչ ունեցող Չարենցավանում մարդիկ դժգոհ են այս ամենից և, ըստ Գևորգ Հակոբյանի, ի սկզբանե պահանջել են, որ անձնագրայինը չփակեն ու իրենց փողոցները չգցեն, քանի որ ոչ բոլորն են ի վիճակի հասնել Հրազդան։
«Այս դեպքի հետ կապված զանգահարել եմ ՕՎԻՐ-ի վարչություն, ինչպես հասկացա՝ ոստիկանությունն էլ է այդ հարցով զբաղվում, այս ամբողջը կոռուպցիոն սխեմա է, որը պետք է բացահայտվի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը չարենցավանցիներին խոստացել էր, որ կգնա նրանց հետ կհանդիպի և հարցը կքննարկի, կփորձի հարցին լուծում տալ, սակայն նրա խոստացած հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ նա խոստումից ամիսներ անց պաշտոնից հեռացավ։