«Չեմ կարծում, որ սպառազինությունների մասին հրապարակումները բարի նպատակներով են արվում». Փաշինյան

«Չեմ կարծում, թե մենք հիմա պետք է հրապարակային քննարկենք մեր բանակի սպառազինության և տեխնիկայի համալրման հարցը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ զենքերի գնման գործընթաց, և ի՞նչ փուլում է այն։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանի ռազմական տեխնիկայի համալրման գործընթացի մասին վերջին ամիսներին հատկապես միջազգային լրատվամիջոցներն են գրում, Փաշինյանն ասպես պատասխանեց․

«Ես չեմ կարծում, թե այդ հրապարակումների առնվազն մեծ մասը բարի նպատակներով են արվում, չեմ կարծում, որ այդ հրապարակումները մեր գործին որևէ օգուտ են տալիս․․․ Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլեմներ, դա փաստ է, որը հնարավոր չէ ժխտել, բայց այն, որ մենք անում ենք ամեն ինչ այդ պրոբլեմները լուծելու համար, դա էլ կարծում եմ՝ ակնհայտ է դառնում գոնե այն թվերից, որը դուք կարող եք հրապարակային տեսնել ՀՀ պետական բյուջեում և 2022 թվականի կատարողականում և 2023 թվականի պլանավորվածում։

Իհարկե, մեր տարածաշրջանի խաղաղության համար մեր Զինված ուժերի մարտունակությունը շատ կարևոր է, բայց նաև պետք է հասկանանք, որ առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, բայց միայն մարտունակ բանակով նույնպես խաղաղություն հնարավոր չէ, որովհետև ինչքան էլ որևէ բանակ մարտունակ լինի, կգտնվեն ուրիշ բանակներ, որոնք ավելի մարտունակ են»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ խաղաղության պայմանագիրը շինծու է, Փաշինյանը հակադարձեց․

«Խաղաղության օրակարգը չի կարող շինծու դառնալ, այն առումով, որ ինքն իրողություն չէ, որևէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգը անհրաժեշտություն է ՀՀ-ի համար և ընդհանուր առմամբ։ Ես նկատի ունեմ, որ որևէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից և տեսլականից, այդ թվում՝ զորավարժությունները, ռազմական բնույթի սադրանքները։

Իրենք նաև ի՞նչ նպատակ կարող են ունենալ՝ խաղաղության օրակարգը շինծու հռչակելու, հայտարարելու, օրակարգից հանելու նպատակ կարող են ունենալ, բայց այն, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, դա ակնհայտ է։

Երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, Ադրբեջանը դա ընկալում է՝ որպես ոտնձգություն իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և ապացույց այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում և մտադիր չէ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար՝ դրանից զարգացնում են այն խոսույթը, որ եթե այդպես է, մենք էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Դրանից էլ մենք այլ հետևության ենք գալիս, ասում ենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին Սոթք-Խոզնավարից սկսած  ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը երբեք չի՛ ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը՝ նպատակ է դրել նորանոր տարածքային նկրտումներ ի ցույց բերելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Հիմա նրանք հայտարարում են, որ ժամանակին Հայաստանում բնակված ադրբեջանցիների մարդահամար են անում, մենք էլ ենք անում մարդահամար, մենք էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից և այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար ենք իրականացնում, նաև հաշվարկներ ենք անում, թե նրանք իրենց դեմ կիրառած բռնությունների հետևանքով ինչքան նյութական վնաս են կրել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս