«Միշտ էլ կարելի է խուսափել պատերազմից, բայց ի՞նչ գնով»․ Նիկոլ Փաշինյան

«Անկեղծ ասեմ, ցանկացած բանի պատասխանատուն, ի վերջո, երկրի իշխանությունն է և երկրի գործադիր իշխանության առաջին դեմքը»,- երեք տարի դադարից հետո 2023 թվականի  հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի շրջափակման, Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման համար և այլ խնդիրների համար մեղադրում է հենց իրեն։

Փաշինյանն արձագանքեց՝ ոպես քաղաքական պնդում՝ այն բնական է համարում․

«Պարզ է, որ և բարեփոխումների, և ձախողումների պատասխանատուն, բնականաբար, ես եմ։ Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ երբեք չեմ խուսափել այդ քաղաքական պատասխանատվությունը կրելուց, և այդ քաղաքական պատասխանատվության նաև արտացոլում էր, որ 2021 թվականին ես հրաժարական տվեցի, որ Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այնպես որ, քաղաքական առումով այս պնդումը հասկանալի է, բայց ես, եթե այս կետի վրա կանգնեմ, ուղղակի վատ ծառայություն կմատուցեմ և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ նրա ժողովրդին, և՛ ընդդիմությանը, և՛ ձեզ, որովհետև, եթե մենք ուզում ենք խնդիրները լուծել, պետք է այդ խնդիրների կոնտեքստը, բովանդակությունը հասկանանք։

Ի վերջո, 2020 թվականի պատերազմին նախորդել է 2016 թվականի պատերազմը, իհարկե, նա 4-օրյա պատերազմ է եղել, սա 44-օրյա պատերազմ է եղել, և ես այս թեմայի մասին բազմիցս խոսել եմ։ Կարծում եմ, որ մենք նաև այսօր Լեռնային Ղարաբաղի հարցը և այս ամբողջ պատմությունը ավելի լավ հասկանալու անհրաժեշտություն ունենք։

Կարդացեք նաև

Ի վերջո, պետք է արձանագրեմ, որ այս պատմությունը, մեծ հաշվով, Հայաստանի Հանրապետության պետականության մասին է, նրա մասին է, թե մենք ժամանակն ինչպես ենք օգտագործել և ինչպես ենք օգտագործում մեր պետության ինստիտուցիոնալ կայացման համար։ Եթե նկատել եք, իմ արձագանքն այդ ամենին հետևյալն է, որ առավել ևս այսօր մենք պետք է  ամեն օրը և ամեն ժամը օգտագործենք մեր երկրի, մեր պետության ինստիտուցիոնալ կայացման համար, և ՀՀ պետական շահը պետք է դառնա մեր գործողությունների ելակետը։ Մենք այս քաղաքականությունն ենք որդեգրում և այս քաղաքականության և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների պատասխանատուն իհարկե ես եմ, ես այդ պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել»։

Անդրադառնալով լրագրողի այն ձևակերպմանը, թե ընդդիմությունը դեմ է Հայաստանում արտաքին հետախուզական ծառայության հիմնադրմանը, Փաշինյանն ասաց, թե իրենք չեն կարող որևէ մեկին զրկել դեմ կամ կողմ լինելու իրավունքից․

«Ճիշտն ասած, ես չգիտեի, թե նրանք դե՞մ են քվեարկել, թե՞ կողմ, դա իրենց իրավունքն է, ինչպես գիտեք՝ պատգամավորներն օժտված չեն հրամայական մանդատով և կարող են ցանկացած հարցի քվեարկել՝ կողմ, դեմ, ձեռնպահ։ Ես էլ, որ ժամանակին ընդդիմադիր եմ եղել, ես էլ եմ որոշ հարցերի կողմ քվեարկել, որոշ հարցերի դեմ, որոշ հարցերի ձեռնպահ քվեարկել, բայց եղել են դեպքեր, երբ ես կողմ եմ քվեարկել և շատ մեծ քննադատության եմ արժանացել, այդ թվում՝ իմ գործընկերների և կուսակիցների կողմից, բայց քաղաքական գործունեությունը նաև այդպիսի առանձնահատկություններ ունի»։

Ճշտող հարցին՝ եթե ասում եք, որ պատասխանատուն դուք եք, դուք ձեզ մեղավո՞ր եք համարում, Փաշինյանը պատասխանեց․

«Ես այդ թեմային բազմիցս անդրադարձել եմ և էլի պիտի ասեմ, որ երբեք որևէ բանի պատասխանատվությունից չեմ խուսափել, այդ թվում՝ ասել եմ, որ բացառում եմ, որ որևէ մեկն ինձ ավելի խիստ մեղադրանքներ ներկայացնի, քան ինքս եմ ինձ ներկայացնում, այլ բան, թե այդ մեղադրանքների օբյեկտիվ և սուբյեկտիվ կոնտեքստը, բովանդակությունն ինչպիսին է։

Օրինակ, ասում են՝ կարելի էր խուսափել պատերազմից, միշտ էլ կարելի է խուսափել պատերազմից, բայց ի՞նչ գնով, ասում են, որ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել, կարելի էր լուծել, լուծեի՛ք, ո՞վ էր ձեզ խանգարում, որ լուծեիք։ Ղարաբաղի հարցը միայն քաղաքական հարց չի, ինքը նաև պատմական կոնտեքստ ունի, սոցիալ-հոգեբանական կոնտեքստ ունի, մտածելակերպի կոնտեքստ ունի, որոնց ես ժամանակին շատ մանրամասն անդրադարձել եմ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս