«Կարծում եմ, գուցե ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկյունը»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը 3 տարվա դադարից հետո 2023 թվականի հունվարի 10-ին, Կառավարության շենքում հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ պատասխանելու նրանց հարցերին։

Հարցեր հնչեցին թե Արցախի խնդրի, Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ի՞նչ փուլում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու գործընթացը, լրավամիջոցներից մեկի հնչեցրած հարցին Փաշինյանի պատասխանեց.

«Թուրքիան հայտարարեց օդային բեռնափախադրումների արգելքը վերացնելու մասին, և պետք է ասեմ, որ դա համարում եմ ողջունելի քայլ այն առումով, որ կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ուեննան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար։ Դուք գիտեք նաև, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել, Պրահայում ենք հանդիպել, և կարևոր է, որ դինամիկա ունենանք հարաբերություններում։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև ակնկալում ենք դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում։

Կարդացեք նաև

Այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, կարծում եմ՝ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում,  և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում։

Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում, և ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով։

Նաև մեկ անգամ պետք է արձանագրեմ պատրաստակամությունը, ինչպես նախկինում հայտարարել եմ՝ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի, Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ, մենք դրան պատրաստ ենք և շահագրգռված ենք դրանով։ Նաև Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների և ավտոճանապարհների բացումը՝ արևելք-արևմուտք ուղղություններով  նաև նոր ճանապարհների կառուցումը, սրանով էլ ենք հետաքրքրված և շահագրգռված, և նաև պետք է անկեղծ ասեմ, որ միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին։

Մենք պարտրաստ ենք իրագործել հայկական խաչմերուկի մեր տեսլականը, նաև հասկանում ենք, որ ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում և այս փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում կայունության և խաղաղության, այլ ոչ թե հակառակը։

Որպես կարևոր էֆեկտ պետք է նշել նաև, որ այս պարագայում շատ ավելի ակտիվ կլինի հյուսիս-հարավ ճանապարհային և երկաթուղային բեռնափոխադրումները, որովհետև այս պարագայում մենք խոսում ենք նաև Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով՝ Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան, Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին և մենք պատրաստ ենք այս ուղղությամբ գնալ»։

Փաշինյանը ամփոփելով խոսքը՝ ասաց՝ եթե ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացած և անվտանգ պետություն լինի, ապա պետք է  տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք․

«Նաև Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում նոր մի դիտակետ ենք ներկայացնում՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն, և այդ կարևոր ուղղությունը մենք պայմանականորեն անվանում ենք՝ տարածաշրջանացում։ Այսինքն՝ պատմականորեն մենք մեր տարածաշրջանում ավելի շատ մտավախություններ ենք ունեցել, քան հնարավորություններ ենք տեսել, և դա հասկանալի է, մենք բոլորս գիտենք, թե ինչու է այդպես դասավորվել, բայց մենք կարծում ենք, որ գուցե նաև ժամանակն է, որ մենք փոխենք մեր դիտանկյունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս