«Արցախցին դիմակայում է, ու այդպես էլ պետք է լինի, այստեղ փոքրից մեծ այդպես են մտածում, այլ ձև չէր կարող…»․ Թաղավարդի դպրոցի տնօրեն
Շուրջ 1 ամիս շրջափակված Արցախում դասապրոցեսը վերսկսվել է։ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած ստեղծված ծանր վիճակին, կյանքը բնականոն ձևով շարունակվում է, երեխաներն էլ սովորականի պես հաճախել են դասի․
«Դպրոցում ընդհանուր 35 աշակերտ ունենք, նրանցից 4-ը հիվանդ են, մյուսները ներկա են»։
Կա՞ն արդյոք երեխաներ, որ շրջափակման հետևանքով մնացել են մյուս կողմում, և այդ պատճառով չեն կարող դպրոց հաճախել, դպրոցի տնօրենն ասաց, որ թե աշակերտները, թե դպրոցի աշխատակիցները Թաղավարդում են, և դասապրոցեսը չի խաթարվել։
Թշնամու կողմից ճանապարհը փակելու հետևանքով պարենի դեֆիցիտ է առաջացել, ուստի Մարգարիտա Սահակյանին հարցրեցինք, թե ի՞նչ վիճակ է Թաղավարդում․
«Իրավիճակը մեզ մոտ դեռ նորմալ է, խանութներում մակարոնեղեն, պեսոկ, ալյուր են բերում։ Այս պահին, կարելի է ասել՝ վիճակը շատ վատ չէ, բայց, եթե այսպես շարունակվի, խնդիրներ կլինեն»։
Թաղավարդն Արցախի այն բնակավայրերից է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է թշնամու վերահսկողության տակ, ավելին՝ թշնամին գյուղի մի հատվածն օկուպացրել է և պարբերաբար կրակ էր բացում գյուղի դաշտերում աշխատող բնակիչների ուղղությամբ, ուստի Մարգարիտա Սահակյանին հարցրեցինք, թե արդյոք վերջին շրջանում թշնամին նման սադրանքների դիմո՞ւմ է․
«Թշնամին այս ընթացքում չի կրակել, հիմնականում դաշտերում աշխատելիս են վախեցնում գյուղացիներին։ Կրակոցները շրջափակումից առաջ են եղել, գյուղի վրա, երկար ժամանակ է, կրակոցներ չկան։ Ինչ վերաբերում է վերահսկողությանը, Թաղավարդի դպրոցն անմիջապես իրենց տեսադաշտում է, ավելին, գյուղում տներ կան, որ իրենցից 200-300 մետրի վրա են գտնվում, դրանից այն կողմ անմիջապես նրանց պոստերն են»։
Ամփոփելով զրույցը՝ Թաղավարդի դպրոցի տնօրենին հարցրեցինք, թե ստեղծված իրավիճակից ելքն ինչպե՞ս են տեսնում․
«Արցախցին դիմակայում է, ու այդպես էլ պետք է լինի, մինչև վե՛րջ։ Այստեղ փոքրից մեծ այդպես են մտածում, այլ ձև չէր կարող…»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։