«Տարբեր ճանապարհներ ունեինք, բայց ընտրել ենք պայքարի ճանապարհը, պետք է զրկանքներ կրել, համբերել՝ սա նյարդերի պայքար է». Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախը, արդեն 27-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Այս օրերին Արցախի ԱԺ խմբակցության պատգամավորները տարբեր խմբերով այցելում են բնակավայրեր, զրուցում բնակիչների հետ, ստեղծված իրավիճակը մանրամասն ներկայացնում բոլորին, որպեսզի միասնաբար փորձեն լուծել խնդիրը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն ասաց, որ Արցախի օպերատիվ շտաբի և գործադիր մարմնի հետ որոշվել է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներով այցելեն շրջաններ։
«Նպատակ կա այցելել բոլոր շրջանները, որպեսզի բնակչությունը մեզանից տեղեկանա ստեղծված իրավիճակի մասին, որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանը տեղեկատվական դաշտում բավականին ակտիվացել է և փորձում է բնակչության մեջ զուգահեռ խուճապ առաջացնել։ Ադրբեջանը տարբեր կեղծիքներ է տարածում, թե իբր տարհանում է իրականացվում։ Մեր բնակչությունն էլ իր հերթին տեղեկատվական դաշտում պետք է զգոնություն պահպանի, քանի որ երբեմն տարածում են այնպիսի տեղեկատվություն, որը ցանկալի չէ, որ թշնամին իմանա։ Հանդիպումներով մենք ցանկանում ենք նաև այդ տեղեկատվական կեղծիքն ու ճիշտն իրարից զատել և ներկայացնել, թե իրականում ինչպիսի իրավիճակում ենք»,- նշեց Արամ Հարությունյանը։
Ըստ նրա, իրականում արցախցու կենցաղում այսօր բավականին դժվարություններ կան՝ որոշակի ապրանքների սուր դեֆիցիտ, դրանց պակասն այսօր նաև գյուղերում է նկատվում։ Նկատվում է նաև դիզվառելիքի պակաս։
«Մեր բնակիչներին բացատրել ենք, թե ինչպիսի լուծումներ ունենք։ Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ էլ հնչեց, որ մենք տարբեր ճանապարհներ ունեինք, բայց մենք ընտրել ենք հենց այս՝ պայքարի ճանապարհը։ Իհարկե, դժվար է, պետք է զրկանքներ կրել, պետք է որոշ բաներից ստիպված հրաժարվել, սպասել, համբերել, սա նյարդերի պայքար է, բայց մենք ընտրել ենք սա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ թշնամու գործողություններն ուղղված են հենց Արցախը հայաթափելուն։
Ինքս արդեն այցելել եմ Մարտակերտի շրջանի 8 գյուղ, բոլոր այդ գյուղերում էլ ողջունել են մեր պայքարի ընտրած ձևը և պատրաստակամություն են հայտնել պայքարելու համար, բոլորն էլ պատրաստ են իրենց ընտանիքներում որոշակի դժվարություններ հաղթահարել, միայն թե վերջնանպատակին հասնեն»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ Արցախում պայքարը տարբեր ձևերով է ընթանում, դրանցից մեկը ֆլեշ մոբերն են, որոնց նպատակը ստեղծված իրավիճակն աշխարհին ներկայացնելն է։ Տարբեր ուղերձներ են հղում աշխարհին, ամեն մեկը յուրովի մի բան է կազմակերպում։
«Առաջիկայում եթե դրական փոփոխություն չլինի, պլանավորում ենք նաև այլ քայլեր իրականացնել՝ օգտագործելով երիտասարդների ներուժը։ Իսկ ընդհանուր առմամբ աշխատանքներ տարվում են, սակայն դրանք բավարար չեն, քանի որ մենք ունենք նպատակ, և մինչև այդ նպատակին չհասնենք, ինչ էլ անենք, փաստացի բավարար չէ։ Կարծում եմ՝ հարցին ավելի շատ քաղաքական լուծում պետք է տրվի, որովհետև փաստացի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկը խախտված է, պետք է կողմերը կատարեն իրենց պարտականությունները։ Փաստացի այս հարցը երկու կողմերի տիրույթում է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի, քանի որ Ադրբեջանը մի կողմից՝ պարտավորվում է երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունը, իսկ մյուս կողմից՝ միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ»,- շեշտեց պատգամավորը։
Միաժամանակ Արամ Հարությունյանն ընդգծեց, որ մտահոգիչ է այն, որ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ Հայաստանում կա որոշակի անտարբերություն։ Պաշտոնական մակարդակում այդ հարցը մի քանի անգամ հնչել է, որ անտարբերությունն ամենադատապարտելի երևույթն է։
«Մենք գիտենք, որ այսօր Հայաստանում շատ արցախցիներ կան, նրանք առավել ևս պետք է ավելի ակտիվ լինեն։ Կարծում եմ՝ ամեն մեկն իր տեղում պետք է հասկանա, որ ժողովուրդը հումանիտար աղետի շեմին է, և օր օրի իրավիճակը ծանրանում է, պետք է ողջ հայությունը ոտքի կանգնի։ Ուզում եմ մեջբերել Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունից մի հատված, նա ասաց, որ բոլոր այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և նոր ցեղասպանություն կանխելու համար չպետք է լռեն՝ Արցախի խնդիրի շուրջ շոշափելի և առարկայական քայլեր անեն, ընդհուպ մինչև Արցախի ճանաչում»,- եզրափակեց Արամ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է: