Սենատն ինչ օրենք ու բանաձև ընդունի՝ միտված է  Ֆրանսիայի շահերին. Հայաստանը պետք է առաջ տանի իր շահերը. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատը ստեղծված է Ֆրանսիայի համար, հետևաբար՝ Սենատն ինչ գործողություններ անում է, անում է Ֆրանսիայի համար։

«Ֆրանսիայի Սենատն իր երկրի, արժեքների, դիրքորոշման, աշխարհաքաղաքական կշռի և այլ բաների համար են անում, նաև այնտեղի հայերի համար, որոնք իրենց քաղաքացի են։ Ասում են՝ ունենք հայկական համայնք, որը պահանջում է, որ սա իրենց համար կարևոր խնդիր է, մենք էլ նայում ենք։ Այնպես որ, Ֆրանսիայի Սենատն ինչ օրենք ու բանաձև ընդունի՝ միտված է ի սկզբանե Ֆրանսիայի շահերին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի  ընդունած բանաձևին, որով կոչ է արվում՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Սենատը պահանջում է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

Քաղաքագետի կարծիքով՝ եթե, օրինակ, ՀՀ խորհրդարանը Սենատի ընդունած բանաձևը վերցներ և ընդուներ, ապա այդ դեպքում կարող էր ասել, որ պետք է համագործակցել Սենատի հետ։

«Մեր խորհրդարանը նման հայտարարություն չի ընդունել, մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Այլ հարց է, որ պատմականորեն մի օր այդ որոշումը կլինի, հուսամ, մի օր Հայաստանը կունենա ազգային իշխանություն, որը կհամագործակցի Ֆրանսիայի Սենատի հետ, հետաքրքրվելով՝ կարո՞ղ է նրա ընդունած բանաձևերին հղում անել, դրանից օգտվել և այլն։ Չմոռանանք, որ մինչ այս Ֆրանսիայի Սենատը կոչ էր արել գործադիրին ճանաչել Արցախի Հանրապետությունը, բայց գործադիրն ասել էր, որ դա չեն անելու, որովհետև այսօր մեր շահերն այլ բան են պահանջում։ Հուսամ, այս բանաձևերն ապագայում հնարավորություն կտան հայկական շահերն առաջ տանելու համար, բայց առաջին հերթին Հայաստանն իր շահերը պետք է առաջ տանի»,- հավելեց Թևան Պողոսյանը։

Կարդացեք նաև

Նրա բնորոշմամբ, բազմիցս Հայաստանին «երեսով» են տալիս, որ նույնիսկ Արցախի անկախությունը չի ճանաչել այս ամենից հետո։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ՀՀ ԱԺ-ն պետք է կարողանա որոշում ընդունել և փորձելով համագործակցել Ֆրանսիայի հետ՝ խնդիրներն առաջ տանել։

Դիտարկմանը, որ այսօր Ադրբեջանն ամբողջությամբ օկուպացրել է Արցախը, իսկ նախկինում, երբ բարձրացվում էր Արցախի անկախության ճանաչման հարցը,  ՀՀ իշխանությունները բացատրում էին՝ եթե ճանաչեն, ապա Ադրբեջանը կգնա պատերազմի, Թևան Պողոսյանը հակադարձեց, թե առանց դրա էլ  Ադրբեջանը գնաց պատերազմի և ապագայում ևս գնալու է։

«Եթե հայ ազգը մշտապես պատրաստ լիներ պատերազմի, Ադրբեջանը լավ կգիտակցեր, որ ինքը կարող է պարտվել, ու չէր նախաձեռնի պատերազմը։ Բայց ուշ թե շուտ պիտի պարտադրես այդ վիճակը։ Այնպես որ, Արցախը ճանաչելու մեջ չէ խնդիրը, եթե Ադրբեջանը ցանկանա կրակել, ապա չի սպասի ճանաչելուն։

Իշխանության կողմից խաղաղությունը բառախաղ է դարձել, սեփական իշխանության կամ նախկինում արտահայտած մտքերի ձեռքը կրակն են ընկել։ Այսօր մեզ ասում են, որ կա երկիր, որի տարածքում Ադրբեջանը համաձայն է ինչ-որ բան ստորագրել։ Բայց մենք լավ հասկանում ենք, որ այն, ինչը ստորագրելու են, կապ չունի խաղաղության հետ։ Եթե Ադրբեջանը խաղաղության գնալու ցանկություն ունենար, վաղուց դրան ուղղված քայլեր կձեռնարկեր, բայց Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը վերացնել, նրա խաղաղության բովանդակությունը սա էր։ Իսկ այն, ինչը չի լինելու, ինչո՞ւ ժամանակ վատնենք ու դրա մասին խոսենք»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև՝ նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ։

Սենատի ընդունած բանաձևն Ադրբեջանի Մեջլիսը որակել է՝ որպես «հակաադրբեջանական»։ Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

Տեսանյութեր

Լրահոս