«Արցախն ինձ ու իմ նմանների համար սրբավայր է, որի ամեն մի սանտիմետր հողի համար դողում ենք». Զոհված զինծառայողի բազմազավակ մայրը մնացել է Արցախում

Արդեն 27-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Բազմաթիվ երեխաներ ու ծնողներ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում հասնել միմյանց։ Կան երեխաներ ու ծնողներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Արցախ, և՝ հակառակը։

44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 15-ին նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, այս պահին գտնվում է Արցախում և չի կարողանում վերադառնալ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում գտնվող իր 6 անչափահաս երեխաների մոտ։

Նաիրա Մարգարյանը տեղեկացրեց, որ Արցախ էր գնացել, որպեսզի բնակարանի սերտիֆիկատը ստանար, ստացել է ու հենց այդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհը փակել են, ու չի կարողացել վերադառնալ։

«Այս պահին երեխաներս մնացել են Մայիսյանի համայնքապետարանի ու մարզպետարանի համապատասխան անձանց խնամքին։ Ես բոլորից շնորհակալ եմ, այն բոլոր բարի մարդկանց, որ օգնության ձեռք մեկնեցին ու երեխաներիս միայնակ չթողեցին։ Իմ 6 անչափահաս աղջիկ երեխաները մնացել են առանց ինձ։ Տունը, որտեղ նրանք ապրում են, վարձակալել ենք։

Կարդացեք նաև

Ինքս Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված ընտանիքներից մեկն եմ եղել, Արցախ էի եկել, որ բնակարանի սերտիֆիկատ ստանայի։ Ստացա ու դեկտեմբերի 12-ի առավոտյան ուզում էի վերադառնալ Հայաստան, բայց ճանապարհն արդեն փակ էր»,- պատմեց Նաիրա Մարգարյանն ու նաև փոխանցեց, որ իրեն էլ՝ որպես զոհված զինծառայողի ծնող, Արցախի հյուրանոցում են տեղավորել:

«Մենք ամեն նեղության կդիմանանք, 5 հազարից ավելի զոհ ենք տվել, որ Արցախն ազատ ու անկախ ապրի, ուզում եմ, որ այդպես ազատ ու անկախ ապրի։ Որդիս Արցախում է զոհվել, Արցախն ինձ ու իմ նմանների համար սրբավայր է, որի ամեն մի սանտիմետր հողի համար դողում ենք։ Ժիրայրս իմ ավագ ու մինուճար որդին է, ինձ համար շատ դաժան է, որ այսօր նրա ծննդյան օրն է, ու ես չեմ կարողանում այցելել նրան, այցելել նրա տուն՝ «Եռաբլուր»։ Ժիրայրս ծնվել է Հայաստանում, 2 ամսական էր, որ ընտանիքով տեղափոխվեցինք Քաշաթաղ՝ 2002 թվականին։

Տղայիս զոհվելուց հետո, մարմինը շատ ուշ ենք գտել, դրանից հետ երկար ժամանակ սթրեսի մեջ էի, ոչնչի ընդունակ չէի, չէի աշխատում։ Ապրում ենք պետության տրամադրած երեխաներին հասանելիք նպաստով և առանձին տրամադրվող 40 հազար դրամով»,- նշեց տիկին Նաիրան։

Նա ընդգծեց՝ երբեք չի հավատացել ու չի հավատալու թուրքի խաղաղասիրական խոսքերին, ավելին՝ չի հավատում նաև, որ «խաղաղության պայմանագիրը» կարող է խաղաղություն բերել։

«Բացարձակ չեմ հավատում, որ թուրքը կարող է հայի հետ խաղաղ ապրել, տեսել եմ 1992 թվականը, 2016 և 2020 թվականները։ Այն թուրքը, որը ձեռք է բարձրացնում մանկահասակ երեխայի, տարեց մարդկանց վրա, այդ թուրքը չի կարող խաղաղ ապրել, թուրքը մեզ ատում է, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»,- եզրափակեց Նաիրա Մարգարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Հ.Գ. Նշենք, որ «Շիրակ կենտրոն» հ/կ-ն այս օրերին վառելափայտ է տարել 6 մանկահասակ երեխաներին։

Երեխաների լուսանկարները՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս