«Նիկոլ Փաշինյա՛ն, քո իշխանությունից հոգնել ենք, 7 տարի է՝ մենք կորցնում ենք տարածքներ, հայրենիք, տղաներ, արժեքներ». Նաիրա Մարգարյան

Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները՝ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորված են։ Երկու արքեպիսկոպոսներն էլ այս պահին գտնվում են ԱԱԾ մեկուսարանում, երկուսին էլ իշխանությունը մեղադրում է իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու, ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Նրանց 2-ի կալանքի որոշումն էլ կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

Սրբազաններից զատ, այս պահին կալանքի տակ են գտնվում մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, մտահոգված է ոչ միայն Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակով, այլ որդեկորույս ծնողների նկատմամբ սկսված հետապնդումներով։

Նա հիշեցրեց նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ եղած շինծու քրեական հետապնդումը, որն իշխանությունը «մարսեց», հիմա էլ անցել է մյուս ծնողներին։

Կարդացեք նաև

«Այս բոլոր գործողություններն արդյո՞ք չեն խոսում այն մասին, որ իշխանությունը փորձում է լռեցնել բոլորին, ոչնչացնել արդարության ձայնը։ Նիկոլ Փաշինյանն իր հոգու խորքում լավ էլ գիտի, որ ճշմարտությունը, միևնույն է, մեր կողմից է։

Միքայել սրբազանի կալանավորումն ինձ համար մեծ ցավ էր, Արցախի կորստից հետո սրբազանը պայքարում էր հայի գոյի ու արժեքների համար։ Սրբազանը եթե ցավը չբուժեր, երբեք ցավ տվողը չէր։ 7 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ավելի վատ արտահայտություններ է անում, ինչո՞ւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չեն սկսում։ Միքայել սրբազանի արտահայտած մտքերը վերջին 5 տարում մենք էլ ենք կրկնում, որ Նիկոլ Փաշինյանը չարիքի իշխանություն է և պետք է հեռանա։

2022 թվականին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում էր, որ «պատերազմը կարող էր ունենալ այս ելքը, բայց առանց զոհերի», նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսվե՞ց, իհարկե ոչ։ Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորմամբ մենք կրկին հանձնվում ենք։

Էլ ինչպե՞ս ասենք՝ Նիկոլ Փաշինյա՛ն, քո իշխանությունից հոգնել ենք, 7 տարի է՝ մենք ուղղակի կորցնում ենք տարածքներ, հայրենիք, տղաներ, արժեքներ»,- 168.am հետ զրույցում նշեց Նաիրա Մարգարյանը։

Նա նաև հավելեց՝ իշխանությունը դիտմամբ է կալանավորում նման սրբազանների, որպեսզի կոտրի հայի ոգին, ողնաշարը, ցույց տա, որ ցանկացած պահի ինչ ուզի՝ կարող է ցանկացածի հետ անել, այդ թվում՝ հասնելով հոգևորականությանը։

«Գիտե՞ք ցավը որն է, որ Արցախը հանձնած, հայրենիքը մաս-մաս արած, 5000 երեխու մահվան պատճառ դարձած, 10.000-ից ավելի մարդկանց ճակատագիրը խեղած, անհայտության մեջ հայտնվածների պատճառ դարձած իշխանությունը, 7 տարի է՝ դեռ Հայաստանում ունի իշխանություն։

Այս մարդիկ իրենց նպատակին դեռևս չեն հասել, կկալանավորեն բոլորին, բոլորի տուն կմտնեն, որովհետև իրենց վերջնական նպատակը Հայաստանի կործանումն է։ Թուրքիայի մզկիթ է գնում, բայց այստեղ հայ հոգևորականին չի հարգում, ուզում է  Առաքելական եկեղեցին էլ դարձնի մզկիթ ու մոլլաներով լցնի։ Ես չգիտեմ՝ Փաշինյանին Էրդողանն ու Ալիևն ինչ են խոսք տվել, որ այսպես ջանասիրությամբ ամեն ինչ անում է։ Ես, 7 տարի է՝ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հակահայ է»,- հավելեց նա։

Որդեկորույս մոր ցանկությունն այս պահին մեկն է՝ ազգն արթնանա թմբիրից, հեռացնի իշխանությանը և պահպանի հայրենիքի այն հատվածը, որը դեռևս մնացել է։

«Ազգի մեջ դեռ կան պատվախնդիր մարդիկ, իրենք պետք է արթնանան, կանգնեն եկեղեցու կողքին, համախմբվեն և այս վիճակից դուրս բերեն երկիրը։ Այլ խոսքով՝ մեզ համախմբում ու միասնականություն է պետք, այդ դեպքում իրավիճակից դուրս կգանք՝ կոտրվել պետք չէ»,- ընդգծեց Նաիրա Մարգարյանը։

Տեսանյութեր

Լրահոս