Այդ ելույթից հետո ես շատ կոշտ քննադատության ենթարկվեցի, ոմանք հատկապես պատերազմից հետո ընդունեցին, որ ես ճիշտ էի. Մարինե Մելիքսեթյան
3 տարի առաջ, երբ թավշյա էյֆորիան չէր լքել երկիր Նաիրին, երբ նորաօծ իշխանություններն իրենց արտերկրյա վոյաժների ժամանակ հիմնականում արժանանում էին հիացմունքի, Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արցախի պետականությանը սպառնացող վտանգների մասին առաջին ահազանգը հնչեց:
Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի հայ գիտաշխատող Մարինե Մելիքսեթյանն ահազանգեց՝ քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է, կործանման ճանապարհ է, որ Արցախի հարցում չկա ռազմավարություն: Հայազգի գիտնականը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը հրաժարական տալ:
168.am-ը 3 տարի անց զրուցել է Մարինե Մելիքսեթյանի հետ՝ իր ելույթում հնչած գնահատականների, այսօր առկա իրավիճակի և Միլանի հայ համայնքի գործունեության մասին:
– 2018 թվականի հայտնի իրադարձություններից ընդամենը մեկ տարի անց Ձեր գնահատականներ չափազանց հակադրվող էին այն էյֆորիային, որն առկա էր հայության տարբեր շրջանակներում: Ինչո՞վ էին պայմանավորված Ձեր ելույթում հնչած կանխատեսումները:
– Փաշինյանի գործունեությունը մտածող մարդու համար ամենասկզբից շատ ակնհայտ էր. նախ Ալիևին անվանել էր կիրթ ու կառուցողական, ինչ-որ զրո կետից բանակցություններ էր սկսում, կնոջ հայտարարությունները, թե զենքերը պետք է հալեցնել: Հետո՝ այդ հետապնդումները Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի նկատմամբ, դատարանների շրջափակումները… ինձ համար շատ պարզ էր, ով այդ էյֆորիան չուներ, նա ամեն ինչ տեսնում էր:
– 44-օրյա պատերազմից, շարունակվող կորուստներից հետո, երբ վտանգված է արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինելիության հարցը, Ձեր կանխատեսումները մասամբ մարգարեական դարձան: Այսօր ինչպե՞ս եք տեսնում առկա իրավիճակը և դրանից դուրս գալու ի՞նչ ճանապարհ եք տեսնում: Արդյո՞ք Փաշինյանի հրաժարականը, որը պահանջում էիք երեք տարի առաջ, այսօր կարող է իրավիճակ փոխել:
– Անշուշտ, կարող է փոխել. նախևառաջ Հայաստանի ղեկավարությունը պետք է լինի վստահելի գործընկեր։ Փաշինյանը ստում է, բոլորին խոստումներ է տալիս: Նիկոլ Փաշինյանը և՛ ՌԴ-ի համար, և՛ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար դարձել է ոչ վստահելի գործակից: Հայաստանին և Փաշինյանին ոչ ոք չի վստահում: Ես վստահ եմ, որ եթե հիմա իշխանափոխություն լինի, մենք կազատվենք իր բոլոր բանավոր խոստումներից, և նույն Ռուսաստանը, եթե տեսնի, որ Հայաստանն ավելի թափանցիկ և վճռական դիրքորոշում ունի, երկակի խաղեր չի վարում, գուցե դա էլ փոխվի: Շտապ պետք է Իրանի հետ համագործակցություն հաստատել, համատեղ զորավարժություններ անել, զենք գնել: Շատ բան կարելի է անել, անելանելի դրություններ չեն լինում:
Հետո, այնուամենայնիվ, Հայաստանն ինչ-որ գործիքակազմ ունի նույնիսկ այս Բերձորի միջանցքի ապաշրջափակման առումով, բայց ընդհանրապես ոչ մի բան չի արվում՝ բացարձակ պասիվ դիրքորոշում:
– Ի դեպ, Արցախի շրջափակման հարցով հայ համայնքն ի՞նչ քայլեր է ձեռնարկում:
– Մենք աշխատում ենք իտալական տարբեր լրատվամիջոցների հետ: Կուսակցությունը, որ միշտ հետաքրքրություն է ցուցաբերում և սատարում է Արցախը ու Հայաստանը, «Լեգա Նորդ» կուսակցությունն է. նրանք մի քանի ամիս առաջ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին էին հրավիրել Իտալիա, կարևոր հանդիպումներ էին ունեցել, սերտ կապեր են հաստատել Արցախի ու Հայաստանի հետ. մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատում:
– Նորից վերադառնանք 2019 թվականի Ձեր քննարկված ելույթին. Փաշինյանն այդ օրն ի պատասխան Ձեզ՝ նշել էր՝ եթե զգա, որ իրեն չեն վստահում, մեկ վայրկյան անգամ չի սպասի ու հրաժարական կտա: Այդ գործչին հնարավո՞ր է վստահել: Կա՞ արդյոք նրա նկատմամբ վստահություն:
– Ճիշտն ասած, ինձ թվում է, որ Փաշինյանին չեն վստահում նույնիսկ իր կուսակցության անդամները, էլ չասած՝ այն մարդկանց, որոնք նրան երկու անգամ ձայն են տվել: Նա բազմիցս խախտել է իր խոստումները, ստել է, մանիպուլյացիաներ է արել: Ծայրահեղ միամիտ մարդ պետք է լինես, որ նրան հավատաս: Ես վստահ չեմ, որ նույնիսկ իր ընտանիքի անդամներն են իրեն հավատում ու վստահում:
– Իսկ այդ օրը եկեղեցում հավաքված հայ համայնքի այն ներկայացուցիչները, որոնք ծափահարություններով էին ողջունում Փաշինյանին, նրանք այսօր հավատո՞ւմ են, և եթե հանդիպում եք նրանց, իրենք ինչպե՞ս են գնահատում Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը:
– Նախ ասեմ, որ այդ ելույթից հետո ես շատ կոշտ քննադատության ենթարկվեցի համայնքի ղեկավարների կողմից: Ոմանք հատկապես պատերազմից հետո ընդունեցին, որ ես ճիշտ էի: Բայց որոշ անդամներ ինձ մինչև հիմա բարև էլ չեն տալիս այդ ելույթից հետո: Գուցե ինչ-որ կոնկրետ գործնական պատճառներ կան, բայց վստահության մասին խոսք չկա. ես չեմ հավատում, որ որևէ սթափ մարդ իրեն վստահի: Ավելացնեմ, որ այդ նույն օրը՝ իմ ելույթից հետո, ինձ մոտեցավ «Հայկական ժամանակ» թերթից մի լրագրող, հարցրեց՝ ով եմ, ես ասացի: Եվ դրանից մոտ 40 րոպե անց իմ ֆեյսբուքյան էջը ենթարկվեց զանգվածային ֆեյքերի հարձակման: Այդ գրոհը շարունակվում էր մոտ մեկ շաբաթ ու հետո էլ՝ մեսինջերով շարունակում էի ստանալ սպառնալիքներ, վիրավորանքներ։ Ակնհայտ էր, որ դա կազմակերպված հարձակում էր:
– Ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
– Ուզում եմ մաղթել, որ 2023 թվականին հայ ժողովրդը վերջապես զարթնի «մրափից», գիտակցի պահի օրհասականությունը, որ ռեալ առաջնորդներ հայտնվեն, որ բեկում մտցվի այս իրավիճակում: Արցախցիներին ուզում եմ մաղթել տոկունություն, խիզախություն, համբերություն: Էլիտաները պետք է կոնկրետ քայլերի դիմեն, անհրաժեշտ է շտապ կանխել մեր հայկական պետությունների կործանումը: