Հայ քաղաքական գործիչները ուշացել են եվրոպական ԶԼՄ-ների հետ հանդիպումներից, չեն պատասխանել զանգերին. կատարյալ անպատասխանատվություն այն օրերին, երբ 120.000 համաքաղաքացի շրջափակման մեջ է. Լապշին

Հավանաբար շուտով դանդաղ կսկսեք ինձ ատել հայկական սփյուռքի և Հայաստանի՝ որպես պետության հանդեպ մշտական քննադատության համար։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուսաստանցի և իսրայելցի հայտնի բլոգեր լեքսանդր Լապշինը:

Լապշինի գրառումը հայերեն թարգմանությամբ՝ ստորև.

«Բայց ճշմարտությունն ավելի թանկ է, և ես թքած ունեմ բազմոցներին նստած և համացանցում բղավողների վրա, դուք ինքներդ գիտեք, թե որտեղ է նրանց տեղը:

Հայերը դժգոհում են, որ աշխարհը թքած ունի Արցախի վրա, համաշխարհային լրատվամիջոցները դրա մասին չեն գրում, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի քաղաքական գործիչները սահմանափակվում են դատարկ բանաձեւերով։ Ճիշտ է: Բայց գիտե՞ք ինչու է այդպես։ Դուք եք մեղավոր, որ ձեզ ոչ ոք լուրջ չի ընդունում։ Ես ձեզ կոնկրետ օրինակ բերեմ.

Հայ քաղաքական գործիչներին ու դիվանագետներին եվրոպական և իսրայելական ԶԼՄ-ների հետ կապելու իմ բոլոր փորձերն ավարտվեցին անհաջողությամբ, քանի որ հայերը չշփվեցին լրագրողների հետ, ուշացան պայմանավորված հանդիպումներից կամ պարզապես չպատասխանեցին լրագրողների և հասարակական գործիչների զանգերին ու նամակներին։

Նման մեկնաբանություններ լսել եմ Հայաստանի իմ բազմաթիվ օտարազգի ընկերներից։ Կատարյալ անպատասխանատվություն և ինֆանտիլիզմ՝ այն օրերին, երբ 120 հազար համաքաղաքացիներ շրջափակման մեջ են:

Մյուս կողմից՝ ողջ Ֆեյսբուքը լի է ցավալի գրառումներով, որ բոլոր լրատվամիջոցները գրում են միայն Ուկրաինայի մասին, բայց մոռացել են Արցախի մասին։ Բայց ուկրաինացիները շատ ուժեղ են թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական հարթություններում։ Եթե ուկրաինացիներին չեն պատասխանում, նորից ու նորից հիշեցնում են իրենց մասին, գոռում են, ամաչեցնում են Եվրոպային ու Ամերիկային ոչ բավարար աջակցության համար։ Նրանք չեն նստում բազմոցին ու դժգոհում, որ իրենց բոլորը չեն սիրում։

Կարծում եք՝ նրանց աջակցում են ուկրաինացի ժողովրդի հանդեպ սիրո համա՞ր: Նրանք ուզում էին թքել Ուկրաինայի վրա, ինչպես Արցախի ու Հայաստանի, Սուդանի, Սիրիայի կամ Պակիստանի քրիստոնյաների վրա։ Բայց ուկրաինացիները գիտեն՝ ինչպես գրագետ ներկայանալ ու ստիպել նրանց անել այն, ինչ իրենց պետք է։

Իսկ դուք չեք կարողանում: Այնպես որ ողջ աշխարհին մեղադրելու կարիք չկա, պետք է ճակատագիրը վերցնեք ձեր ձեռքն ու աշխատեք»։

Տեսանյութեր

Լրահոս