Սարգիս Կարամեկյանը խոստանում է Արցախի մասին արցախցի ֆուտբոլիստ տղաների պատրաստած տեսանյութը փոխանցել Նեյմարին

12  օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանը մեր այն հայրենակիցներից է, ով ամեն կերպ փորձում է բարձրաձայնել թշնամու կողմից կատարվող հերթական սադրանքի մասին՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը:

«Մի քանի օր առաջ զրուցել եմ արցախցի երկու երիտասարդների հետ, ովքեր ֆուտբոլիստ են: Նրանք ասացին, որ տեսանյութ են պատրաստել ֆուտբոլիստներ Մեսսիի և Մբապեի համար, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում Արցախում և խոսեն այդ մասին: Ես խոստացա, որ եթե նմանատիպ տեսանյութ պատրաստեն՝ ուղղված բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին, ամեն ինչ կանեմ, որ հասնի նրան:

Ուզում եմ, որ տղաների ցանկությունն իրականանա, ճանապարհը բացվի: Ի դեպ,  բրազիլացի երգչուհի Լուիզա Պոսսին Instagram-ի իր 1.5 միլիոն բաժանորդներին մեր խնդրանքով ներկայացրեց տեսանյութ, որտեղ խոսվում է արցախցի երեխաների, ադրբեջանցիների կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Կարամեկյանը:

Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիրն ընդգծեց՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի շատ մարդ իմանա կատարվողի մասին:

Կարդացեք նաև

«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցին շրջափակեց դեպի Արցախ միակ մուտքի ճանապարհը, դադարեցրեց բնական գազի մատակարարումը՝ մեր ժողովրդին զրկելով կենսական աղբյուրներից: Մարդկանց չեն կարողանում տեղափոխել Երևան՝ հիվանդանոց, կա սնունդի, դեղորայքի խնդիր: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իրեն չպատկանող հողերը հերթական անգամ խլի: Անհանդուրժելի է այս ամենը:

Երկիր մոլորակը չպետք է շարունակի երես թեքել հայերից: Մարդիկ մնացել են ճանապարհին ու չեն կարողանում տուն վերադառնալ, քանի որ այն փակել է գող, ավազակ ադրբեջանցին: Արցախում հազարավոր երեխաներ սպասում են Սուրբ Ծննդյան հրաշքի: Կան երեխաներ, որոնց ծնողները մնացել են ճանապարհին, իսկ իրենք մենակ են տանը: Տեսանյութ կար, որտեղ երկու տղա երեխա, մեկը՝ 10 տարեկան, մյուսը՝ մի քանի տարի փոքր, մենակ, ծնողների փոխարեն՝ տան հոգսն էին հոգում, անգամ կենդանիներին էին կերակրում:

Յուրաքանչյուր երեխա ունի իր մանկությունը վայելելու, սովորելու, խաղալու իրավունք։ Ավելին՝ ոչ ոք իրավունք չունի քեզ խանգարել՝ ապրելու Հայրենիքում»,- եզրափակեց Սարգիս Կարամեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս