«10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է». Արցախի ԱՆ խոսնակ
Արցախը, 8 օր է, Ադրբեջանի կողմից շրջափակված է, Արցախում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ վիրահատելու համար
168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այս պահին 11 հոգի ծանր վիճակում գտնվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, նրանցից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
«11 բուժառու շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս պահին բժիշկների կողմից կատարվում է հնարավորը, որպեսզի հիվանդների վիճակը կայունացնեն։
«Արևիկ» բուժմիավորումում ունենք 10 երեխա, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Արցախի բժիշկները հայաստանյան բժիշկների հետ գտնվում են առցանց կապի մեջ»,- նշեց Անգելինա Իսախանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին բժշկական սարքավորումների ու դեղերի պակաս չունեն։ Նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։