Արցախում հիվանդանոցում 13 երեխաներ գտնվում են ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում. 4 ամսական փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծանր

Արցախի Հանրապետության «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր:

Այս մասին հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից, նշելով, որ տեղի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Արցախի Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Տեսանյութեր

Լրահոս