Երկխոսության հնարավորություն Բաքվի և Ստեփանակերտի միջև. Մարուքյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածության և ՌԴ-ից ակնկալիքների մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետ կապված միջազգային հանրության հայտարարությունները միանշանակ են, միակողմանի և հասցեական՝ ուղղված Ադրբեջանին:

«Այսինքն, կոչերն ու դատապարտումներն ուղղված են Ադրբեջանին առ այն, որ փակվել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղի միակ ճանապարհն է, կյանքի ճանապարհն է, միակ հումանիտար ուղին է, որով սնուցվում է Լեռնային Ղարաբաղը, 120.000 մարդ, որից 30.000-ը՝ երեխաներ: Բացի այս, գազի անջատման հետ կապված կրկին հասցեական են հայտարարությունները և ուղղված են Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանն ասում է՝ գազն իրենք չեն անջատել: Այդ հայտարարությունները կան, և շատ միանշանակ է միջազգային արձագանքը»:

Իսկ թե Հայաստանի Հանրապետությունն ինչ գործուն քայլեր կարող է անել իրավիճակը շտկելու համար, Մարուքյանը վստահեցրել է, որ Լաչինի ճանապարհի փակման առաջին րոպեներից սկսած աշխատանքներ են տարվում միջազգային բոլոր գործընկերների հետ՝ ներկայացնելու խնդիրը և Ադրբեջանի նկատմամբ ճնշում ձևավորելու, որովհետև խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը և պայմանավորվածությունները:

«Այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն, մասնավորապես, Ադրբեջանի պարտավորությունն է՝ ապահովել Լաչինի միջանցքի բնականոն և անվտանգ աշխատանքը: Այսինքն, միջազգային արձագանքները հենց այնպես չեն եղել, դրանք աշխատանքի արդյունք են»,- շեշտել է հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Հարցին՝ իրավունք ունի՞ Ադրբեջանը Կաշենի հանքավայրում ստուգումներ անցկացնելու, Մարուքյանը պատասխանել է, թե «Ադրբեջանը չի ասում, որ իշխանությունն է ուզում դա անել, իրենք ասում են, որ բնապահպաններն են դա ուզում»:

«Նախկինում այցելություն է եղել Սարսանգի ջրամբար, և որևէ նման միջադեպ չի արձանագրվել, որովհետև համագործակցել են Արցախի իշխանությունների հետ: Ինչ է ասում Հայաստանը, որ օրհասական է և կարևոր արդեն միջազգային հանրության կողմից արծարծված մեխանիզմի ստեղծումը, որը երկխոսության հնարավորություն կտա Բաքվի և Ստեփանակերտի միջև: 90-ականներին եղել է համապատասխան մոտեցում միջազգային հանրության կողմից Մինսկի կոնֆերանսի, որ լինի կոնֆերանս, որտեղ մասնակցում են միջազգային հանրությունը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը: Միչև այսօր այդ խնդիրը լուծված չէ: Միջազգային մեխանիզմի կարևորությունը, որը վաշինգտոնյան պայմանավորվածություն է, և որից Ադրբեջանը հրաժարվում է, հենց սրանում է: Այսինքն, եթե այդ մեխանիզմը ստեղծված լինի, այդ քննարկումը տեղի կունենա»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Այս համատեքստում հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է՝ ակնկալում են, որ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Ռուսաստանը քաղաքական գնահատական տա և ապահովի Լաչինի միջանցքով անարգել շարժը:

«Ռուսական խաղաղապահ ուժերից կա տեղեկատվություն, որ բանակցություններ են ընթանում, հույս ունեմ, որ դրանք արդյունք կտան ու միջանցքը կբացվի, որովհետև դրա այլընտրանքն էթնիկ զտման և ցեղասպան այլ քաղաքականության իրագործումն է, որը չպետք է որևէ պարագայում թույլ տանք՝ ոչ մենք, ոչ էլ միջազգային հանրությունը»,- շեշտել է Մարուքյանը՝ հավելելով, որ եթե հումանիտար ճգնաժամի մեջ ենք, էթնիկ զտման վտանգ կա, ուրեմն՝ գնդակը նաև ամբողջ ժողովրդավարական միջազգային հանրության դաշտում է, ոչ միայն ՌԴ-ի, քանի որ Արցախի ժողովուրդն այսօր պատժվում է իր ժողովրդավարական ընտրության արդյունքում, իսկ ՌԴ-ի դաշտում գնդակը խաղաղապահների մասով է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս