ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը:

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին», – ասված է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Տեսանյութեր

Լրահոս