Վստահ եմ՝ Ադրբեջանին չի հաջողվի հպատակեցնել արցախցիներին. Սերժ Սարգսյան
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին: Լրագրողները մի քանի հարց ուղղեցին նրան՝ Արցախում առկա իրավիճակի, ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման, ռուս խաղաղապահների անելիքների և ստեղծված իրավիճակի հնարավոր ելքերի վերաբերյալ:
Նախագահի համար ակնհայտ է, որ ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ո՛չ հանքավայրերը, ո՛չ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործելը:
«Ադրբեջանցիները ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը, արցախցիներին, բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվի: Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք՝ դժվարություններին, արհավիրքներին դիմակայելու: Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու, դա է հարցական: Ամեն ինչ կախված է Արցախի իշխանություններից՝ ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց՝ դժվարությունների հաղթահարման ուղին, դա շատ կարևոր հանգամանք է: Ակնհայտ է, որ որևէ հույս Հայաստանի կառավարիչների նկատմամբ չի կարող լինել: Բայց մենք երևի վերջին անգամ 30 տարի առաջ ենք ունեցել այդպիսի կամք, վստահ եմ՝ այդ կամքը որևէ տեղ չի կորսվել»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին՝ երրորդ նախագահը շեշտեց՝ որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, որևէ մեկը մեր փոխարեն չի կարող բարդ խնդիրներ լուծել:
«Այո, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք բոլորը կարող են իրենց պարտականությունները, պայմանագրային պարտավորությունները կատարել, եթե մենք անենք դա: Եթե մենք չանենք, ուրիշը ինչո՞ւ պետք է գա՝ մեր փոխարեն մեր հարցերը լուծի, որքան էլ նրանք լինեն մեզ բարեկամ, որքան էլ լինեն մեր դաշնակիցները, իրենք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն»:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը, չեն կարող վճռել, թե ինչ է լինելու. «Եվ ակնհայտ է, որ նրանք ուղղակի ձեռքերը լվացել են, հրաժարվել են պաշտպանել այդ մարդկանց բնական իրավունքը, բայց թե ինչպես է լուծվելու՝ ինչպե՞ս լուծվեց 30 տարի առաջ. մենք հասնելու ենք դրան»:
Երրորդ նախագահը դժվարացավ ասել՝ պատերազմական գործողություններ կլինե՞ն, թե՞ ոչ, որովհետև ըստ նրա՝ մենք վկա ենք այնպիսի իրավիճակի, երբ որոշումները կայացնում են օրվա խնդիրներից ելնելով. «Ես չեմ տեսնում գոնե 2-3-4 քայլ առաջ նայելու ցանկություն, դժվարանում եմ պատասխանել»:
Հարցին՝ ռուս խաղաղապահները մեղավորություն ունե՞ն, որովհետև իշխանությունները նրանց են մեղադրում ստեղծված իրավիճակի համար, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Նույն կառավարիչները, որոնց իշխանություն եք անվանում, կարո՞ղ են ցույց տալ՝ որոնք են խաղաղապահների պարտականություններն ու պարտավորությունները, որևէ տեղ տեսե՞լ եք՝ այդ մասին ինչ է գրված: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ գրված է՝ իրենք դա կատարում են, և պետք չէ սեփական խնդիրները բարդել ուրիշի վրա: Այսինքն՝ 4 տարի առաջ, 3 տարի առաջ մեղավորները նախկիննե՞րն էին, հիմա արդեն նախկիններին դժվար է մեղադրել, մեղադրում են խաղաղապահների՞ն, ռուսների՞ն: Այո, բոլորիս ակնկալիքներն ավելի շատ են Ռուսաստանից, բայց ցանկացած ակնկալիք էլ միշտ կողքից կարելի է փչացնել, ինչպես փչացրեցին: Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձրագույն պաշտոնյային»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո, խնդրի լուծման ի՞նչ հնարավորություն է տեսնում երրորդ նախագահը:
«Դիմակայել, պայքարել, ուրիշ ի՞նչ հնարավորություն պետք է լինի: Պատերազմից հետո անցել է 2 տարի, չէի՞ն կարող վերականգնել բանակը, ամեն ինչ հակառակն են անում»,-եզրափակեց Սերժ Սարգսյանը: