ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ ինտենսիվ կապի մեջ են Ստեփանակերտի ԲԿ-ի հետ

Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ:

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում:

«Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում»,- գրել է նա:

ՀՀ Առողջապահության նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ ինտենսիվ կապի մեջ են Արցախի Առողջապահության նախարարության, ինչպես նաև Ստեփանակերտի ԲԿ-ի հետ:

Կարդացեք նաև

Հավելենք, որ Արցախի Հանրապետության Հանրապետական հիվանդանոցի ուռոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին հիվանդանոցում կան հիվանդներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն։ «Թշնամու իրական պատկերը սա է, փորձում են մեզ ինչ-որ ձևով վախեցնել, բայց իրենց մոտ չի ստացվելու։ Ճանապարհը պետք է բացվի, և հուսանք, որ այս ամենը արձագանք կստանա միջազգային հանրություն կոչվածի կողմից, չնայած այդ միջազգային հանրությունից մեր սպասելիքները քիչ են, որովհետև պատերազմի ժամանակ ունեցանք այնպիսի վիճակ, որ գիտակցաբար թիրախավորեցին հիվանդանոցը, հիվանդանոցի վրա եղան հրթիռային հարվածներ, և այդ ամենից հետո ի՞նչ արձագանք եղավ միջազգային հանրությունից՝ որևէ արձագանք չեղավ»,- հավելել է Մարատ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս