Բաժիններ՝

Հստակ և ճկուն ընթացակարգեր հեռավար աշխատելու համար․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենքի նոր նախագիծ է շրջանառել

Հեռավար եղանակով աշխատելու հնարավորության տրամադրման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում են հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքի կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան աշխատանքային պարտականությունները կատարել՝ առանց աշխատավայր ներկայանալու։

Նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումներով հեռավար եղանակով հնարավոր է աշխատել միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածներում:

Նոր կարգավորումները հնարավորություն կտան գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատանքները հեռավար եղանակով իրականացնել ինչպես ամբողջությամբ (այսինքն՝ ոչ աշխատավայրից), այնպես էլ համակցված (աշխատանքների մի մասը՝ հեռավար, մյուս մասը՝ աշխատավայրից)։

Կարդացեք նաև

Նախագծին կցված հիմնավորման մեջ նշված է նաև, որ ներկայում հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հայաստանի Հանրապետությունում սահմանված է միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար: Իսկ ներկայում մեծ է պահանջարկն աշխատանքի կազմակերպման նման ճկուն մեխանիզմներ օրենսդրորեն ամրագրելու հարցում։ Աշխատանքի միջազգային շուկայում ևս շատ են կիրառվում աշխատանքի կազմակերպման նման նոր ձևերը։

Հարթակում տեղադրված նախագծի քննարկման մասնակից Կարեն Աբրահամյանն առաջարկել է հեռավար աշխատանքի ընդունելիս առաջնահերթության կարգով հաշմանդամություն ունեցող անձանց տալ նախապատվությունը։

Արփի Մխեյանն էլ առաջարկել է որպես գործատու դիտարկել նաև պետական կառավարման համակարգում պաշտոնի նշանակելու, ազատելու իրավասություն ունեցող անձանց կամ անձնակազմի կառավարման ղեկավարին, որպեսզի քաղաքացիական ծառայողներին և հանրային ծառայողներին ևս վերաբերի այս փոփոխությունը։

«Օրինակ, ես առավոտից երեկո գրասենյակում եմ, դուրս չեմ գալիս, նույն կերպ կարող էի իմ տանը նստել և նույն աշխատանքը կատարել՝ առանց տնից դուրս գալու: Ունեմ ծեր ծնող, նրան կկարողանայի հանգիստ խնամել: Եթե ընդունվի՝ կարծում եմ, շատերի համար օգտակար կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց մասնավոր ընկերություններից մեկի աշխատող Նելլի Սահակյանը:

Սակայն կան հակառակ տեսակետը հայտնող անձինք.

Արմինե Պետրոսյանը, օրինակ, ասում է՝ հաճելի է գործընկերներին տեսնելը. «Ես առանց աշխատավայր գնալու կդժվարանամ աշխատել: Այո, կան մարդիկ, որոնք շատ ավելի լավ տնից են կարողանում աշխատել, իմ դեպքում այդպես չի լինի: Ես սիրում եմ խոսել, տեղեկանալ շուրջս կատարվողին»,- նշեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս