Ո՞վ է ֆինանսավորելու Փաշինյանին ենթակա հետախուզական ծառայությունը
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Փաշինյանի Կառավարության կողմից անհետաձգելի համարված «Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման մասին» նախագիծը։
Ուշագրավ է, որ հրատապ ընդունվել է մի նախագիծ, որի վերաբերյալ ծանրակշիռ առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը, ինչը, բնականաբար, չի խանգարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին միաձայն կողմ քվեարկել Փաշինյանի հավանությանն արժանացած նախագծին՝ չտեսնելով դրանում առկա որևէ խնդիր։
Եվ այսպես՝ ՔՊ-ն միաձայն ընդունել է մի նախագիծ, որով ստեղծվելու է Փաշինյանին ենթակա արտաքին հետախուզական ծառայություն՝ աշխատակիցների համար բարձր աշխատավարձերով և պարգևավճարներով, ինչը հանգեցնելու է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը։
Իսկ թե որտեղի՞ց են այդ բարձր աշխատավարձերը հատկացվելու Փաշինյանին ենթակա կառույցի աշխատողներին, հայտնի չէ, որովհետև առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում բացակայում են այդ ծառայության ստեղծման ու պահպանման նպատակով անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ հաշվարկներով հիմնավորված ֆինանսական գնահատականները։
Նշենք, որ ՀՀ 2023-2025թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով, ինչպես նաև ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նման ծառայության ստեղծման և պահպանման նպատակով համապատասխան միջոցներ չեն նախատեսվել:
Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծումով այս կառույցը համագործակցելու է ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզական ստորաբաժանումների և այդ բնագավառում գործող այլ ստորաբաժանումների հետ:
Այս առնչությամբ հարց է առաջանում՝ արդյո՞ք ծառայության ստեղծումը չի հանգեցնելու ինչպես այս ծառայության, այնպես էլ վերը նշված մյուս մարմինների, ստորաբաժանումների գործառույթների կրկնության: Հնարավո՞ր է, որ կրկնությունների դեպքում կանխավ նախատեսած համագործակցությունը նոր խնդիրներ ստեղծի, և դրանք լուծելու համար հիմա էլ որոշեն՝ արտաքին հետախուզական գործունեության ոլորտում այլ ստորաբաժանումների գործառույթները պարզապես փոխանցվեն արտաքին հետախուզական ծառայությանը: Իսկ դրանից հետո էլ տրամաբանական է, որ ներկայում տվյալ գործառույթներն իրականացնող ստորաբաժանումները ենթարկվեն կազմահաստիքային, կառուցվածքային փոփոխությունների և կազմաքանդվեն։
Այս նախագծի ամբողջությամբ և առանց փոփոխությունների ընդունման դեպքում՝ հաջորդ խնդիրը վերաբերում է ռիսկերի գնահատման բացակայությանը։
Ուշագրավ է, որ երբ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խոսում են արտաքին հետախուզական ծառայության մասին՝ պնդում են, թե դրանից ունեն տարածաշրջանային երկրները, բացի Հայաստանից, մինչդեռ պարզվում է՝ ներկայացրել են մի նախագիծ, որտեղ բացակայում են նման նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք հանդիսացած հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկումների արդյունքները, միջազգային փորձի վերլուծությունը:
Այսինքն՝ առանց որևէ վերլուծության՝ ՔՊ-ն ընդունել է մի օրենքի նախագիծ, որը դառնալու է արմատական, հայեցակարգային փոփոխությունների պատճառ՝ չունենալով ռիսկերի գնահատում, վերլուծություններ, ուսումնասիրություններ, հաշվարկներ, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն և, իհարկե, նպատակը կյանքի կոչելու համար ֆինանսական անհրաժեշտ միջոցներ և, իհարկե, համապատասխան կադրեր։