Նոր հանդիպում՝ Պուտինի միջնորդությամբ. Ինչպես կարձագանքի Արևմուտքը

Մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։ Ըստ նրա, Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպման անցկացմանը։ «Ռուսաստանն անկասկած պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է նա:

Պեսկովը տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի նախատոնական հանդիպում անցկացնելու գաղափար կա, պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո իրենք համապատասխան հայտարարություն կանեն, և եթե փոխըմբռնում լինի, կտեղեկացնեն։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։ Նա նշել էր, որ փաստաթուղթն արդեն ներկայացվել է հայկական կողմին:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ևս չի հերքել, որ մինչև ամսվա վերջ կարող է Փաշինյան-Ալիև հանդիպում կայանալ։ «Մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով։ Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»,- նշել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին հոկտեմբերի 31-ին Սոչիում, իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին՝ Պրահայում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի միջնորդությամբ և մասնակցությամբ: Վերջին օրերին ՌԴ ԱԳ նախարարն իր մամուլի ասուլիսի, ինչպես նաև Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ակնարկեց, որ Պրահայից Սոչի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները եկել են արդեն իսկ համաձայնեցված փաթեթով՝ բոլոր հարցերը լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որը ՌԴ ԱԳ նախարարը ներկայացնում է հետևյալ կերպ. «Այդ հռչակագիրն ասում է, որ բոլոր միութենական պետությունները հաստատում են սահմանների անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով: Այլ կերպ ասած` այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր, և երբ դրան հավանություն են տալիս թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ֆրանսիան, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ասելով, որ ճանաչում ենք Ալմա Աթայի հռչակագիրը առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին»:

Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ Պրահայում Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ կայացած բանակցություններից հետո ռուսական կողմին հաջողվեց ներքաշվել գործընթաց: Ըստ նրա, ՌԴ-ն սկզբից դիրքավորվեց ի նպաստ հայկական կողմերի, նկատելով, որ Ադրբեջանը չի համաձայնում, և կային պայմանավորվածություններ Պրահայում, առաջարկում է մեկ այլ մոտեցում, որի շրջանակում կողմերը փոխանակվում են իրենց առաջարկներով:

«Այսինքն՝ այս փուլում էլ Հայաստանն ու Ադրբեջանը փորձելու են ռուսական հովանու ներքո մի որոշ ժամանակ բանակցել, հանդիպել, բայց կարծում եմ՝ սա երկարատև է, քանի որ կողմերն են արդեն ընդունում, որ մոտակա ժամանակաշրջանում հնարավոր չէ որևէ բան ստորագրել: Պարզապես աշխարհաքաղաքական նման բարդ փուլում, երբ կողմերը տեղափոխում են իրենց երկխոսությունը Մոսկվա, դա միանշանակ բացասական գնահատական ու ընկալում է ունենալու Արևմուտքում՝ համապատասխան արձագանքով, քանի որ բավականին երկար ժամանակ Բրյուսելը, մի փոքր ավելի քիչ՝ Վաշինգտոնը, նաև Փարիզը բավական մեծ ջանքեր են ներդրել, ԵՄ-ն դիտորդություն է ուղարկել, ինչն աննախադեպ ակտիվ ներգրավվածություն է Արևմուտքի կողմից, սակայն հասկանալի է նաև այն, որ աշխարհաքաղաքական կենտրոններից որևէ մեկը բովանդակության մեծ նորություն չի առաջարկելու, առաջարկում և բանակցում են կողմերը, ուստի եթե բովանդակության տարբերություն չկա, նշանակում է՝ կա աշխարհաքաղաքական պատճառ»,- ասաց վերլուծաբանը:

Նա գտնում է, որ առաջիկա բարձրաստիճան հանդիպումն ու բանակցությունները որևէ լուրջ արդյունք չեն տալու: «Պարզապես այս հանդիպմամբ կհաստատվի, որ հիմա էլ Ռուսաստանն է գլխավոր միջնորդը, գուցե քննարկումներ ծավալվեն Պրահայի հայտարարության շուրջ, բայց չեմ կարծում, թե այս միջնորդի շահերից է բխում, որպեսզի կողմերն անմիջապես համաձայնություններ ձեռք բերեն, ուստի գործընթացը կտեղափոխվի ընդհանրապես հաջորդ տարի»,- ասաց նա:

Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ևս գտնում է, որ Ռուսաստանին ներկայումս հարկավոր չէ, որ հակամարտության գոտում բոլոր հարցերը լուծվեն, սակայն կարևոր է, որ Ռուսաստանը միջնորդի և այդ միջնորդության ընթացքում որոշ հաջողությունների հասնի, դրա դիմաց կարողանա ստանալ խաղաղապահ մանդատի երկարաձգման համաձայնություն:

«Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին էլ Ռուսաստանը այս գոտում կցանկանա որոշակի հաջողություններ գրանցել և առաջ գնալ Արևմուտքից: Այսինքն՝ այն միտումը, որը կար այս տարվա փետրվարից, երբ ՌԴ-ն հեռավորություն էր պահպանում այս կոնֆլիկտից, համակերպվել էր, որ դրանով զբաղվում է Արևմուտքը, ներկայումս փոխվել է, քանի որ նախ՝ Արևմուտքում երկար բանակցեցին, երկրորդ՝ Ռուսաստանը հարմարվեց ճգնաժամային իրավիճակին և սկսեց այլ կերպ գործել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող հնարավոր հանդիպման կոնկրետ արդյունքներին, ապա, Մալաշենկոյի խոսքով, դատելով կողմերի հռետորաբանությունից, ինչպես նաև միջնորդների շեշտադրումներից, բանակցությունները փակուղային իրավիճակում են:

«Մեծ ակնկալիքներ չկան արդյունքների տեսանկյունից: Բնականաբար, ՌԴ-ն կփորձի կողմերից ինչ-որ հայտարարություն, նոր շեշտադրումների շուրջ համաձայնություն կորզել և ցույց տալ արդյունք, որը կարևոր է նաև Արևմուտքի հետ մրցակցության և Ռուսաստանի միջազգային մեկուսացման իրավիճակում: Հաշտարարի, միջնորդի կերպարը պատերազմող երկրների միջև ընկալվում է, որ դրական կազդի ՌԴ իմիջի վրա և ցույց կտա, որ այս ռեգիոնում ՌԴ-ն՝ անկախ պատերազմից ու դրա հետևանքներից, պահպանում է իր կարևորությունը, ինչպես նաև ազդեցությունը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս