Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրագործվել
Թալիբներն իրագործել են Աֆղանստանում իրենց իշխանության գալուց ի վեր առաջին մահապատիժը, հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ հրապարակելով «Թալիբան»-ի հայտարարությունը: Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Հաղորդվում է, որ այսօր Ֆարահի նահանգում մահապատժի է ենթարկվել մի տղամարդ, որը մեղադրվում էր սպանության մեջ: Մահապատժին ներկա են եղել շարժման բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ Մուջահիդը, Գերագույն դատարանի դատավորը, ինչպես նաև երկրի ՆԳՆ-ի և ԱԳՆ-ի ղեկավարների պաշտոնակատարներ Սիրաջուդդին Հաքանին և Ամիր Խան Մութաքին:
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին ԱՄՆ-ի զինվորականների պահպանության տակ գտնվող Քաբուլի օդանավակայանից իրականացվեց Արևմուտքի երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում:
Օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանն Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորում է Մոհամմադ Հասան Ահունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ պատասխանատու էր արտաքին քաղաքականության համար: